ՀԱԿ-ն ԱԺ նախագահին առաջարկում է Մարտի 1-ի հարցով անցկացնել փակ լսումներ
11/06/2013 19:20

ՀԱԿ-ն ԱԺ նախագահին առաջարկում է Մարտի 1-ի հարցով անցկացնել փակ լսումներ

Մարտի 1-ի հարցը չի փակվել, ավելին՝ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության խափանումը հավելյալ դժվարություններ է հարուցել։ Խորհրդարանական հայտարարությունների ժամին, անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության կողմից մերժված Մարտի 1-ի դեպքերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին, հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ձևական պատճառաբանություններն ու վկայությունները, Գ․Ջհանգիրյանի խոսքով, հասարակության մեջ ամրապնդել են մարդասպանների անպատժելիության, իրավապահ մարմինների պատասխանատուների հանցավոր անգործության, քաղաքական հովանավորության վարկած։

«Իրավապահ մարմինները պարտավոր են կատարել իրենց Սահմանադրական պարտականությունները և պատժել մարդասպաններին, հակառակ պարագայում նրանց գոյությունը դառնում է անիմաստ»,- ասաց Գ. Ջհանգիրյանը: 

Պատգամավորը խոստացավ, որ իրենց խմբակցությունը հնարավոր բոլոր միջոցներով շարունակելու է հետապնդել Մարտի 1-ի սպանությունների լիարժեք բացահայտման և պատասխանատվության ենթարկելու խնդիրը:

«Խնդիրը մեռյալ կետից տեղաշարժելու նպատակով դիմում ենք ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանին՝ առաջարկելով կազմակերպել լսումներ, համաձայն ենք նաև փակ լսումների։ Հուսով ենք, որ լսումների անցկացումը ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկած քաղաքական մեծամասնության պատգամավորներին կվերահամոզի հիմնավորվածության և արդարացիության հարցում»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։  

ՀԱԿ-ն ԱԺ նախագահին առաջարկում է Մարտի 1-ի հարցով անցկացնել փակ լսումներ