.jpg)
Ռ. Հակոբյան. Ասվում է ապահով Հայաստան, բայց ժողովուրդը չունի ապահովություն
«Եթե պատին զենք է կախված, ապա դա մի օր անպայման պիտի կրակի, և դա բազմից ապացուցվել է նաև մեզանում։ Այդ զենքը կրակել է խորհրդարանում, մարտի 1-ին, միջազգային հարաբերությունների ժամանակ, կրակում է ընտանիքում, և մենք ականատես ենք լինում ողբերգությունների։ Ինձ համար գորիսյան դեպքերը հիմք են ծառայել այս հայտարարության համար»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը։
Նշյալ զենքը, ըստ պատգամավորի, գտնվում է հասարակության ակտիվ և ագրեսիվ մասի մոտ, «որի դեմ չենք պայքարում»:
Ներկա գտնվողներին պատգամավորը հարցրեց, թե ինչի՞ հետևանք է, որ չենք կարողանում զինաթափել այդ մարդկանց, ապա պատասխանեց. «Երկու պատճառ կա՝ կամ պետությունը չի կարողանում ապահովել մարդկանց անվտանգությունը, կամ իշխանությանն ուղղակի ձեռնտու է, որ այդ մարդկանց ձեռքին զենք լինի և ահաբեկի քաղաքացիներին»,- ասաց Ռ. Հակոբյանը՝ հավելելով, թե ասվում է ապահով Հայաստան, սակայն ժողովրդի ապահովությունը չի պահպանվում: