.jpg)
Ազատամարտիկ Շահե Աճեմյանը Մոնթեի մասին. Նա արդարության մարտիկ էր
«Խաչակիրների» ջոկատի փոխհրամանատար, ազատամարտիկ Շահե Աճեմյանը Եռաբլուր եկավ կեսօրից հետո, երբ Մոնթեի գերեզմանի մոտ պաշտոնական արարողությունն արդեն ավարտվել էր ու Եռաբլուրի բարձունքում գրեթե մարդ չկար:
«Ես Մոնթեի հետ կռվի դաշտում չեմ եղել»,- միանգամից ասաց Շահե Աճեմյանը, երբ մոտեցանք նրան: Սկզբում պատասխանը զարմանալի թվաց, հատկապես այն պարագայում, որ այսօր Մոնթեին չճանաչածներից էլ շատ են այն մարդիկ, ովքեր հերոսի լույսի տակ հայտնվելու գայթակղությունից հայտարարում են, թե Ավոյի հետ ուս ուսի են կռվել:
«Չէ, կռվի դաշտում Մոնթեի հետ չեմ եղել, բայց մի քանի պատմություն նրա մասին, եթե թույլ տաք, կպատմեմ»,- ասաց ազատամարտիկն ու հիշեց Մոնթե Մելքոնյանի հետ իր ծանոթությունը.
«Առաջին անգամ Բեյրութում եմ նրան հանդիպել` 1978 թ.-ին: Այդ ժամանակ շատ երիտասարդ էինք` 16-17 տարեկան: Երբ ծանոթացանք` հետաքրքրվեցինք, թե ինչի՞ համար է Միացյալ Նահանգներից եկել Լիբանան: Պատմեց, որ կարճ ժամանակ բնակվել է Իսպանիայի ծովափնյա մի գյուղում, որտեղ հիմնականում ձկնորսությամբ էին զբաղվում: Մի օր էլ գյուղացիները ուռկան են գցում ծովն ու դուրս են բերում մի հին ազգային կճուճ: Գյուղում այնքնան են ոգևորվում այդ հին, ազգային կճուճը գտնելով, որ օրերով քեֆ-ուրախություն են անում: Մոնթեն, իր խոսքով, այդ օրերին զարմանում է` մարդիկ իրենց ազգային փոքրիկ կճուճի վրա այդքան ուրախանում են, լավ` բա ես ո՞վ եմ: Իմանալով, որ Լիբանանում մեծ հայկական համայնք կա Մոնթեն գալիս է Բեյրութ»,- պատմեց Շահե Աճեմյանը:
Ազատամարտիկի խոսքով` այդ օրերին Մոնթեն դեռևս հայերեն չէր խոսում ու հայերենը սովորեց Բեյրութում` ընդամենը մեկ ամսում:
«Առաջին հանդիպումից միառժամանակ հետո հանդիպեցի` տեսնեմ մի քիչ ավելի լավ է սկսել հայերեն խոսել ու մի բան էլ հայկական թերթ է կարդում: Ասեցի` Մոնթե՞, արդեն հայերեն կկարդաս: Ասաց հա` ամեն այբ-ը աչքիս առջև դրի մեկ վայրկյան (արլ.` մեկ րոպե-խմբ.) դիտեցի ու ետքը գլխիս մեջ մնաց: Մարդ էշ պիտը ըլլա, ոչ չիսովորի»:
Հետո Շահե Աճեմյանը կռվից էլ խոսեց: Անկեղծացավ ու բացատրեց` ինչու կռվի դաշտում Մոնթեի հետ չի եղել:
«Մի բան պատմեմ: Կռվի դաշտում Մոնթեն ինձ ու Սպիտակ Արջին (Կարո Քահքեջյան) հաճախ էր լուր ուղարկում, որ խաչակիրներով միանանք իր ջոկատին, բայց նրբություններ կային ու մենք չէինք կարող միանալ նրան…»,- պատմությունն ընդհատեց Շահե Աճեմյանն ու մի քանի վայրկյանից մտափոխվելով` շարունակեց.
«Դե լավ, որ սկսել եմ` պատմեմ: Այդ տարիներին Մոնթեն որոշ պետությունների համար ահաբեկիչ էր համարվում: Ես և Կարոն, որ ԱՄՆ քաղաքացիներ էինք, երեք ամիս Ղարաբաղում կռվում էինք, հետո գնում էինք ինչ-որ ժամանակով ԱՄՆ, որ օգնություն բերեինք: Այսինքն` անընդհատ ճանապարհներին էինք: Ամերիկայի օրենքով` իրենց քաղաքացին իրավունք չունի ուրիշ երկրի համար ֆորմա հագնի ու զենք բռնեի: Մեկ միլիոն հայ համայնքի մեջ իմ, Կարոյի ու մի քանի տղերքի Հայաստանում կռվելու վրա աչք էին փակում, բայց մտածում էինք` եթե համագործակցենք Մոնթեի հետ, միգուցե մեզ այնտեղ ճնշեն ու էլ չենք կարողանա օգնություն բերել: Տարիներ հետո` այսօր, միշտ մտածում ու ափսոսում եմ, որ ես ու Սպիտակ արջը Մոնթեի կողքին չեղանք…Շատ եմ ցավում: Հիմա չեմ հասկանում մեզ` ինչու՞ էինք այդպես մտածում: Մարդիկ մեծանում են, տարիներն անցնում են ու շատ հարցերի լրիվ այլ կերպ ես սկսում նայել»,- ասաց Շահե Աճեմյանն ու մի պահ լռեց:
Աճեմյանի խոսքով` Մոնթեն համամարդկային կերպար էր: Արդարության ու ճշմարտության համար մարտիկ էր` ամբողջ աշխարհում:
«Մի դրվագ պատմեմ, որ գուցե շատերի համար անհասկանալի լինի, բայց` այդպես է: Զոհվելուց մի քանի օր առաջ Մոնթեն զրուցում է Կալիֆորնիայի թերթերից մեկի թղթակցի հետ ու ասում` Արցախի պատերազմը վերջացնենք, գնալու եմ սերբերի դեմ կռվեմ: Հասկանու՞մ եք` ասում է կգնամ մուսուլմանի հետ մի ճակատով քրիստոնյայի դեմ կկռվեմ: Այդ մենք ենք հիմա իրերին այդ կերպ նայում, բայց Մոնթեն չուներ նման բան, նրա համար գերագույն արժեքը արդարությունն էր»,- ասաց Շահե Աճամյանը:
Ուղիղ 20 տարի առաջ այս օրը Շահե Աճեմյանը, Սպիտակ արջն ու նրանց մի քանի ընկեր Երևանի Զեյթունի հանրակացարանում էին.
«Մեր հանրակացարանի կողքին պիցցայանոց էր բացվել: Պատկերացնու՞մ եք` 90-ականներին ու հանկարծ պիցցայանոց Հայաստանում: Գնացինք, թե պիցցա ուտենք: Այն էլ պարզվեց կլոր խմորի վրա շատ աղի գյուղի պանիր են քսել ու անունը դրել են պիցցա: Հենց այդ պահին մեր տղերքից մեկն եկավ, թե բա Մոնթեն է զոհվել…Չհավատացինք սկզբում, հետո ասաց, որ լուրը Պարգև սրբազանն է տվել, ուրեմն` ճիշտ է: Կարոն նույն օրը Արցախ մեկնեց, իսկ արդեն երկու շաբաթ անց զոհվեց նաև նա` Սպիտակ արջը…»,- ասաց Շահե Աճեմյանն լռեց. հայացքը Սպիտակ արջի շիրմաքարին էր: