Ինչպե՞ս վարվել Թուրքիայի հետ. Քննարկում Եվրոպական խորհրդարանում
12/06/2013 21:17

Ինչպե՞ս վարվել Թուրքիայի հետ. Քննարկում Եվրոպական խորհրդարանում

 

Այսօր Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քննարկվում է Թուրքիայում ստեղծված իրավիճակը, մարդկանց հիմնարար ազատությունների սահմանափակումը, որը ներառում է նաև լրատվամիջոցների և արտահայտման իրավունքը: Ինչպես տեղեկացնում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից, քննարկմանը խորհրդարանականների հետ մասնակցում է նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

 

Քեթրին Էշթոնն իր խոսքում նշեց, որ Թուրքիայում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է: Ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ անհամաչափ են, որի արդյունքում եղան զոհեր, վիրավորներ, բազմաթիվ ձերբակալություններ: Թուրքիայի իշխանություններին մեկ անգամ ևս կոչ արեց ոստիկանության գործողություններն ուսումնասիրել և տալ համապատասխան գնահատականներ:

Էշթոնը հիշեցրեց, որ Գյուլը դատապարտել է ոստիկանության գործողությունները, Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցուցարարների հետ:

Էշթոնն ընդգծեց, որ սա կաևոր պահ է Թուրքիայի համար. «Սա այն պահն է, երբ պետք է Թուրքիային ներառել դեմոկրատական գործընթացներում, այլ ոչ թե բացառել: Թուրքիան պետք է առավել սերտորեն աշխատի Եվրամիության հետ»:

Ք.Էշթոնի խոսքից հետո մոտ 2 ժամ տևած քննարկման ընթացքում ելույթներ ունեցան խորհրդարանականները:

Խորհրդարանականների ելույթները կարելի է բաժանել 2 մասի. պատգամավորների մի մասը կողմ է Թուրքիայի նկատմամբ առվել խիստ մոտեցման, մյուս մասը, ընդունելով ստեղծված լարված իրավիճակը, առավել հակված են Թուրքիայի հետ շարունակել բանակցությունները:

Հանս Սվաբոդան իր խոսքում խիստ քննդատության ենթարկեց Թուրքիային. «500 հազար մարդ վիրավորվել է, արդյոք սա՞ է ժողովրդավարական երկրում ցուցարարների դեմ պայքարի միջոցը: Ք. Էշթոնն իր խոսքում նշեց, որ պետք է Թուրքիային ներառել ժողովրդավարական գործընթացներում, արդյոք Թուրքիան պատրա՞ստ է ներառվել՝ թե ոչ: Թուրքիայում, որտեղ բազմաթիվ լրագրողներ են բանտարկված, չի կարող լինել ժողովրդավարություն: Եթե Թուրքիան ցանկանում է լինել ժողովրդավարական, ապա պետք է փոխվի: Եթե Էրդողանը ցանկանում է լինել Եվրոպայում, ապա պետք է փոխվի. այս Էրդողանը տեղ չունի Եվրոպայում»:

Գի Վերոֆստադն իր խոսքում նշեց. «Խաղաղ ցուցարարները հանդիպեցին բիրտ գործողությունների: Այն, ինչ կատարվեց Թուրքիայում, մարդու իրավունքների խախտում է, սա մենք տեսել ենք Թուրքիայում բազմաթիվ անգամներ: Լրագրողների համար ամենամեծ բանտը Թուրքիան է: Ո՛չ, Թուրքիային, որը դեմ է գնում Եվրոպական արժեքներին»:

Հելեն Ֆլոտրեն առավել կառուցողական մոտեցման կողմնակից է, ով կարծում է, որ Թաքսիմի հրապարակում տեղի ունեցողը պետք է օգտագործվի, որպեսզի Թուրքիայում արմատավորվի ժողովրդավարությունը:

Քրիստոնյա-դեկոկրատական խմբից Ժոզե Սալաֆրանկա Սանչեսն իր խոսքում ասաց. «Մենք չենք կարող տեսնել Թուրքիային անկայուն վիճակում: Թուրքիան մեր գործընկերն է, ՆԱՏՕ-ի անդամ: Մեծ է Թուրքիայի դերը տարածաշրջանում: Նա ընդունել է բազմաթիվ սիրիացի փախստականների: Անհրաժեշտ է կայուն աշխատանք տանել Թուրքիայի հետ»:

Սոցիալ-դեմոկրատական խմբից Լիբոր Ռոչեկը, կարևորելով վերջին տարիներին Թուրքիայի կողմից իրականացված տնտեսական մեծ առաջընթացը, ասաց, որ բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ մարդիկ ցանկանում են ոչ միայն կուշտ լինել, այլև՝ ազատ լինել. «Թուրքիան կարող է լինել ժողովրդավարական, Թուրքիային անհրաժեշտ է նոր սահմանադրություն: Թուրքիան մեր օգնության կարքն ունի: Եթե մենք թողնենք Թուրքիային, հետևանքները մեզ համար կարող են վատ լինել»:

Կանաչների խմբից Ֆրանցիսկա Քելերի խոսքով, Թուրքիայի իշխանությունները մինչև հիմա չեն իրականացրել ցուցարարների հետ բանակցելու խոստումները. «Թուրքիան պետք է հարգի մարդու իրավունքները, Թուրքիայում ցուցարարները մեր օգնության կարիքն ունեն, և մենք պետք է ցույց տանք, որ ԵՄ-ն չի ընդունում և չի պաշտպանում բռնությունը»:

Ավստրիացի պատգամավոր Էվալդ Ստադլերն իր ելույթում նկատեց, թե պետք է առավել զգուշավոր գործել ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ: Թուրքիան Եվրոպայի կարևոր առևտրային և ռազմական գործընկերն է:

Ավստրիացի պատգամավոր Անդրեաս Մոզլերն իր ելույթում ասաց. «Թուրքիան եվրոպական երկիր չէ, մենք պետք է ընդունենք այս փաստը»:

Մեկ այլ պատգամավոր էլ ընդգծեց, որ Թուրքիան երբեք չի եղել և չի լինի դեմոկրատական. «Թուրքիան գնալով առավել ավտորիտար է դառնում: Վարչապետը կառավարման մեջ կիրառում է իսլամական օրենքները, փորձում է իր սոցիալական տեսակետները պարտադրել հասարակությանը»:

Թուրքիային պաշտպանող պատգամավորների հիմնական տեսակնտն այն է, որ Թուրքիան ընտրության ճանապարհին է: Եթե ԵՄ-ն փակի ճանապարհը, ապա Թուրքիան կընտրի ծայրահեղականության ուղին: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ուժեղացնել համագործակցությունը:

Պատգամավորների ելույթներինց հետո ելույթ ունեցավ Շտեֆան Ֆյուլեն:

Ֆյուլեի խոսքով՝ Թուրքիայում մարդիկ ցանկանում են ուղղակի խոսել և լսելի լինել: Չնայած Թուրքիայում ստեղծված իրավիճակին՝ Ֆյուլեն կարծում է, որ անհրաժեշտ է նոր էջ բացել Թուրքիայի և Եվրամիության բանակցությունների համար. «Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու համար իրականացրել է բազմաթիվ բարեփոխումներ: Թուրքիային պետք են առավել լայն եվրոպական արժեքներ: Անհրաժեշտ է վերսկսել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, անհրաժեշտ է տարածաշրջանում ունենալ կայուն, զարգացած Թուրքիա»:

Քեթրին Էշթոնը համամիտ էր այն ամենի հետ, ինչ ասաց Ֆյուլեն: ԵՄ բարձր ներկայացուցիչը ևս կարծում է, սա կարևոր պահ է կարևոր երկրի համար, կարևոր տարածաշրջանի համար: «Անհրաժեշտ է առաջ շարժվել»,- եզրափակեց Ք. Էշթոնը:
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանում վաղը Թուրքիայի վերաբերյալ բանաձև կընդունվի:

 

Ինչպե՞ս վարվել Թուրքիայի հետ. Քննարկում Եվրոպական խորհրդարանում