.jpg)
Իրանի ապագա նախագահը պետք է պայքարի հակաիրանական կոալիցիայի դեմ
Իրանի նախագահական ընտրությունների ցանկացած ելքի դեպքում Թեհրանի արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական առաջնահերթությունները կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվի`ելնելով Իրանի շուրջ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակից և ցանկացած թեկնածուի նախագահ ընտրվելու պարագայում իրանական ազգային-պետական շահերը պաշտպանելու պարտականությունից:
Իրանի արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական առաջնահերթություններից է բխում իր սահմանների երկայնքով հակաիրանական կոալիցիայի ձևավորումը խոչընդոտելը և հարևան երկրների հետ խորը և բազմաշերտ հարաբերությունների կառուցումը:
Պաշտոնական Թեհրանի համար ամենաակտուալ աշխարհաքաղաքական մարտահրավերը առնչվում է սիրիական ճգնաժամի հետ և Իրանը պայքարում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրանական, շիական ազդեցության պահպանման համար:
Թեհրան-Դամասկոս-Հզբոլահ ռազմաքաղաքական կոալիցիան Սիրիայում և տարածաշրջանում դիմակայում է ԱՄՆ-Թուրքիա-Իսրայել-արաբական սունի միապետություններ առանցքի դեմ, իսկ այդ հակամարտությունը շարունակվելու է անկախ սիրիական ճգնաժամի հանգուցալուծումից:
Ռուսաստանը և Իրանը շարունակաբար ռազմական, ֆինանսական, դիվանագիտական աջակցությունն են ցուցաբերում Ասադի վարչակազմին`նպաստելով նրա դիրքերի ամրապնդմանը և հակաասադական կոալիցիայի դիրքերի թուլացմանը Սիրիայում:
Սիրիան Իրանի համար ունի կարևորագույն ռազմաքաղաքական նշանակություն, քանի որ այն ապահովում է Թեհրանի կապը Լիբանանում գործող իրանամետ Հզբոլահ շարժման հետ, բացի այդ, Իրանը օգտագործում է Սիրիան և Հզբոլահը իր թիվ մեկ հակառակորդ` Իսրայելի վրա ճնշումներ գործադրելու և ազդեցության լծակներ ունենալու տեսանկյունից:
Ասադի տապալումը և սունիական խմբերի իշխանության գալը Դամասկոսում, կհանգեցնի նաև Հզբոլահի և սիրիական ընդդիմության միջև ռազմական բախումների թե Սիրիայի տարածքում, թե Լիբանանում:
Տարածաշրջանում իրանական դիրքերի թուլացման պայմաններում Թել-Ավիվը կփորձի վերջնականապես ոչնչացնել Հզբոլահի ռազմական ենթակառուցվածքները, որոնք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի համար`հյուսիսից:
Սիրիայում Ասադի տապալումը և Հզբոլահի թուլացումը կզրոյացնի Իրանի ռազմաքաղաքական, աշխարհաքաղական ազդեցությունը Մերձավոր Արևելքի այդ հատվածում, քանի որ Թեհրանը չունի այլ ռազմավարական դաշնակիցներ:
Թուրքիան և Իսրայելը ԱՄՆ-ի տարածաշրջանային գլխավոր դաշնակիցներն են, իսկ Պարսից ծոցի արաբական երկրները թշնամաբար են վերաբերվում Իրանին և ցանկանում չեզոքացնել այդ երկրի ազդեցությունը Ծոցի տարածաշրջանում:
Իրանի հարավում գտնվող այդ արաբական երկրները ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցներն են և իրենց երկրներում են տեղակայել ամերիկյան ռազմակայաններ, հրթիռներ, իսկ Բահրեյնում է գտնվում ԱՄՆ-ի 5-րդ նավատորմի կենտրոնատեղին:
Այդ երկրները հաճախ անվանում են մինի-NATO, ելնելով Վաշինգտոնի հետ սերտ ռազմական համագործակցությունից և հակաիրանական ուղղվածության պատճառով:
Իրանը չի ցանկանում որ այդ հակաիրանական կոալիցիայի մեջ մտնեն նաև հյուսիսային հարևանները`Հայաստանը և Ադրբեջանը: Հայ-իրանական հարաբերությունները կրում են դաշնակցային, բարիդրացիական բնույթ, երկրների միջև կան պայմանավորվածություններ ռազմավարական նշանակության նախագծերի`Հայաստան-Իրան երկաթգիծ, Իրանից Հայաստան նավթամուղի կառուցման, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագիրը`որն արդեն կյանքի է կոչվել և այլ ծրագրեր:
Իրանը Հայաստանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում բարեկամ երկիր և դաշնակից`թուրք-ադրբեջանական ազդեցությունը զսպելու և ազդեցության մեծացմանը հակազդելու տեսանկյունից:
Ադրբեջանը, սակայն, իրականացնում է հակաիրանական քաղաքականություն, որն արտահայտվում է Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարկի և չհիմնավորված նկռտումների, հակաիրանական քարոզչության, ինչպես նաև Իրանի գլխավոր ռազմաքաղաքական հակառակորդ Իսրայելի հետ ջերմ հարաբերությունների զարգացմամբ:
Բաքուն իրականացնում է տարածաշրջանում հակաիրանական պլացդարմի գործառույթը, ինչը համապատասխան գնահատականների է արժանանում Թեհրանում:
Իրանի նորընտիր նախագահը պետք է հաշվի առնի հարևան Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությունը և արևմտյան` հակաիրանական կոալիցիայի մաս կազմելու Բաքվի իշխանությունների քաղաքականությունը, որն շարունակվելու է, քանի որ ամենայն հավանականությամբ Ադրբեջանում նախագահական ընտրություններում կվերընտրվի այդ ուղենիշը առաջ տանող Իլհամ Ալիևը:
ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի արևելքում նույնպել ձևավորել հակաիրանական պլացդարմ ի դեմս Աֆղանստանի, քանի որ այդ երկրից 2014թ.-ից միջազգային կոալիցիայի դուրս բերումից հետո ԱՄՆ-ը այդ երկրում ունենալու է 9 ռազմակայաններ`աֆղանա-ամերիկյան ռազմավարական համագործակցության պայմանագրի շրջանակներում:
Այսպիսով, Իրանի շուրջ ձևավորված վերոնշյալ աշխարհաքաղաքան բարդ իրավիճակում`չդադարող միջազգային պատժամիջոցների և էմբարգոների ֆոնին, Իրանի նոր նախագահը պետք է արձագանքի բոլոր այդ մարտահրավերներին:
Հայաստանի շահերից է բխում Իրանում անցնցում նախագահական ընտրությունների անցկացումը, Իրանի տարածքային ամբողջականության պահպանումը և թուրք-իրանական և հատկապես ադրբեջանա-իրանական լարված հարաբերությունների պահպանում, ինչը Թուրքիայի և Ադրբեջանի համար նոր ճակատներ է բացում և որոշակիորեն բալանսավորում նրանց ճնշումները Հայաստանի և Արցախի նկատմամբ: