Կաթնային աջաբսանդալ. Որքան շատ կաթ, այնքան թանկ կաթնամթերք
12/06/2013 20:08

Կաթնային աջաբսանդալ. Որքան շատ կաթ, այնքան թանկ կաթնամթերք

Վերջին տարիներին Հայաստանը անասնաբուծության ոլորտում վիճակագրական աճ է արձանագրել, և քանի որ դա վիճակագրությունն է ասում, սրբորեն հավատալ է պետք:

Գյուղնախարարություն. 2012թ.-ին անասնագլխաքանակն աճել է 62 հազարով և կազմել 771 500 գլուխ, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակն աճել է 20 303 գլխով, 674 հազարով` մանր եղջերովորների. Այս աճերին համապատսախան նվազել են մսի, մասնավորապես ոչխարի մսի գինը: Ներկայումս ոչխարի մսի գինը տատանվում է 2800-3000 դրամի սահմաններում` նախորդ տարիների 4000-4500 դրամ փոխարեն:

Հայաստանում նաև ավելացել են կաթի արտադրության ծավալները` զուգահեռ անասնագլխաքանակի. 2012 թ-ին արտադրվել է 618 հազար տոննա կաթ: Գյուղնախարարության պաշտոնյաներն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ անասնագլխաքանկի աճի ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ երկրներում առաջին տեղում է:

Որոշ ժամանակ առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել էր, որ կաթը պետք է մթերվի 180-200 դրամով, հետո կանգ էր առել 150 դրամի վրա:

Ո՞վ է սահմանում կաթի մթերման գները

Շուկան. Ասում են պատասխանատուները:

Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետ Հունան Ռուբենյանը Aysor.am-ին հաղորդեց, որ օրերս կաթի մթերման գինը համայքնում նվազել է 10 դրամով` հասնելով 160 դրամի, նա նաև հաղորդեց, որ կաթ արտադրողներին փոխանցել են` հուլիսի մեկով կաթը ավելի ցածր գնով կմթերեն:

Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը Aysor.am-ին փոխանցեց, որ կաթնամթերք մթերողն է գին առաջարկում և այս պահին կաթի մթերման գինը համայնքում կազմում է 130 դրամ, գյուղացիներն էլ չեն կարող այլ գին առաջրկել, այդ գնով էլ իրացնում են. կաթը պահել հնարավոր չէ:

Aysor.am-ին Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի ղեկավար Հովսեփ Տոնոյանը պատմեց, որ կաթը համայքնից մթերվում է 150 դրամ մեկ լիտրի համար, մի քանի օր առաջ գյուղացներին մթերողները տեղեկացրել են, որ կաթի մթերման գները 10 դրամով ավելի ցածր կսահմանվեն, սակայն գյուղացիները չեն համաձայնել և ասել են, որ կաթ այլև չեն վաճառի, որից հետո կաթի մթերման գները պահպանվել են. դա եղել է «բունտից հետո»:

Կաթնամթերքի թանկացում-պաշտոնական

Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը Aysor.am-ին ասաց, որ վերամշակող ձեռնարկությունները կաթնամթերքի թանկացումը կապում են փաթեթավորման պարագաների թանկացման, կաթի փոշու գների աճի, արտարժույթի արժեվորման հետ:

Աշոտ Հովհաննիսյանը նաև նշեց, որ կաթի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողները վարկեր են վերցրել և հիմա ստիպված են ավելի բարձր արժեքով վերադարձնել:

Կաթնամթերքի թանկացման վերաբերյալ  կաթ վերամշակող խոշոր ձեռնարկությունենրը տնտեսական մրցակցության պաշտապնության հանձնաժողովին փոխանցել են, որ կաթնամթերքի թանկացումը կապված է կաթի մթերման գների թանկացման հետ:

Նկատառում. Վերջին ամիսներին կաթի մթերման գները շատ չեն տատանվել, իսկ կաթնամթերքի գները բարձրացել են տարեսկզբին և մայիս-հունիս ամիսներին, իսկ կաթ վերամշակողները երկու կառույցների գյուղնախարարությանը և ՏՄՊՊՀ-ին տարբեր պատճառներ են ներկայացրել, նպատակը մեկն է` արդարացնել կաթնամթերքի բարձրացումը:

Նշում. Կաթի և մածունի արտադրության մեջ օգտագործվում է 50 տոկոս կաթի փոշի, պաղպաղակի արտադրությունը ամբողջովին կախված է կաթի փոշուց, իսկ պանրի դեպքում օգտագործվում է միայն կաթ, իսկ թե ինչ յուղայնության, այլ հարց է:

Թեև ՏՄՊՊՀ-ն կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների մասնաբաժինը շուկայում դիտարկում է առանձին-առանձին, սակայն նշում է, որ ոլորտում գերիշող դիրք ունեն «Աշտարակ կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերությունները:

Փորձենք ամփոփել. Անասնագլխաքանակն ավելացել է, կաթի մթերման ծավալներն ավելացել են, կաթնամթերքը ժամանակ առ ժամանակ թանկանում է. ստացվում է՝ որքան շատ կաթ, այնքան թանկ կաթնամթերք. Շուկայական այս նոր բանաձև, երևի թե պետք է տնտեսագիտության մեջ ներառել` հատուկ Հայաստանի համար:
 

Կաթնային աջաբսանդալ. Որքան շատ կաթ, այնքան թանկ կաթնամթերք