.jpg)
Ա. Մանուկյանը՝ օֆշորային սկանդալի մասին. Եթե տղամարդը մաքուր է՝ կապացուցի
Առաջարկում ենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գա և տղամարդու նման պատասխանի օֆշորների հետ կապված հարցերին, սակայն, ինչպես տեսնում ենք, նա չի համաձայնում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մենք նրան առաջարկել ենք իր անձի հետ կապված հարցերը միասին քննարկել, և եթե տղամարդը մաքուր է, ապա ցանկացած տեղ կապացուցի իր անմեղությունը, բայց նրանք բացահայտ կոծկում են հանցագործությունները՝ պետական հովանավորություն դրսևորելով հանցագործների նկատմամբ: Այսինքն, եթե նրանք բացահայտորեն հովանավորում են հանցավորությունը` կապված Վարդանիկի, Լիսկայի հետ, և եթե իշխանությունը պաշտպանում է այդ մարդկանց, ապա ստացվում է, որ նրանք պետական մակարդակով են պաշտպանվում: Իրենց դիրքերը պահպանելու համար իշխանությունները հովանավորում են ոչ միայն բարձրաստիճան հանցագործներին, այլև՝ այդ խավում առկա խուլիգանությունը»,- ասաց պատգամավորը:
Ցինիզմի սուպեր դրսևորում է, ըստ Ա. Մանուկյանի, իշխանավորների այն դիտարկումը, թե Հայաստանում ընդդիմություն չկա և արտագաղթի համար մեղավոր է նաև ընդդիմությունը. «Ես չեմ չարախնդում, ես պարզապես չեմ ուզում, որ այդպես լինի՝ ոչ թե նրա համար, որ ես իշխանություն լինեմ, այլ որ հայաստանցին մնա Հայաստանում։ Եթե արտագաղթը մեծանում է, եթե հայը Հայաստանում չի ապրում, ուրեմն թքած և՛ պառլամենտի, և՛ իշխանության վրա»,- ասաց Ա. Մանուկյանը: