.jpg)
Եվրոպական խորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ բանաձև ընդունեց
Եվրոպական խորհրդարանն իր լիագումար նիստում այսօր Թուրքիայի վերաբերյալ բանաձև ընդունեց: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Նշենք, որ խորհրդարանի պատգամավորների և խմբերի կողմից առաջարկվել էր բանաձևի 6 տարբերակ, որոնց քննարկման արդյունքում այսօր ընդունվեց հիմնական տեքստը:
Բանաձևում խորհրդարանակաները խոր մտահութուն են հայտնում Ստամբուլի Գեզի զբոսայգում ցուցարարներին ցրելու համար թուրքական ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժի կապակցությամբ:
Այսօրվա բանաձևի քվեարկությամբ, պատգամավորները զգուշացնում են, որ դեմ են խաղաղ ցուցարարների նկատմամբ կտրուկ միջոցների օգտագործմանը, ինչպես նաև՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են անում ստանձնել մարդկանց միավորելու և հաշտեցնելու դիրքորոշում:
«Ոստիկանության գործողությունների համար պատասխանատուները պետք է ենթարկվեն համապատասխան պատժի, ազատազրկված խաղաղ ցուցարարները պետք է անմիջապես ազատ արձակվեն, իսկ զոհերի հարազատներին պետք է տրվի փոխհատուցում»:
Ողջունելով նախագահ Աբլուլահ Գյուլի չափավոր արաձագանքը և փոխվարչապետ Բյուլենթ Արինչի կողմից հնչեցված ներողությունը՝ ուղղված ցուցարարներին, պատգամավորները դատապարտում են Թուրքիայի կառավարությանը և վարչապետ Էրդողանին, և վերջինիս կոչ անում քայլեր ձեռնարկել հաշտեցման համար, ներողություն խնդրել և հասկանալ թուրք բնակչության բողոքող հատվածին:
Բանաձևում նշվում է, որ ցուցարարները զգում եմ, որ ազգային փոքրամասնությունների ձայնը լսելի չէ. «Ներառական, բազմակարծիք ժողովրդավարության մեջ մեծամասնությունը պարտավոր է որոշումների կայացման գործընթացում ներառել նաև ընդդիմությանը և քաղաքացիական հասարակությանը»:
Խաղաղ և օրինական բողոքի ակցիաների անցկացումը, ըստ պատգամավորների, արդեն իսկ խոսում է Թուրքիայում քաղաքացիական հասարակության գոյության մասին, սակայն Թուրքիան պետք է շարունակի բարելավել ժողովրդավարական հաստատությունները, ապահովել օրենքի գերակայությունը և մարդկանց հիմնարար ազատությունները:
Բանաձևում շեշտվում է, որ պետք է ապահովել ԶԼՄ-ների և արտահայտման ազատությունը:
Պատգամավորները մտահոգություն են հայտնում, որ մամուլի ազատության վիճակը Թուրքիայում վատացել է, ինչն արտահայտվում է անգամ թուրքական լրատվամիջոցների ինքնագրաքննությամբ:
«Թուրքական լրատվամիջոցները չէին լուսաբանում բողոքի ակցիաները, իսկ Twitter-ի օգտատերերը ձերբակալվում էին: Ժողովրդավարական հասարակությունում կարևոր է անկախ մամուլի դերը, և մամուլի ազատության ամրապնդման համար՝ դատական համակարգի դերը»,- ասվում է բանաձևում՝ ընդգծելով, որ մեծ թվով լրագրողներ ներկայումս ազատազրկված են:
Ինչպես երեկ Թուրքիայի վերաբերյալ քննարկման ժամանակ ասում էին խարհրդարանականները՝ Թուրքիան ամենամեծ բանտն է լրագրողների համար:
Նախորդող տեղեկատվություն՝ Ինչպե՞ս վարվել Թուրքիայի հետ. Քննարկում Եվրոպական խորհրդարանում