.jpg)
Կարոտի հայրը. Մտածում եմ` էս սերունդը բնությունը տվեց, բնությունն էլ տարավ
Միշտ ասում էր` հաղթանակած ենք հետ գալու ու հաղթեցին, բայց ինքը հետ չեկավ…
Պռոշյանի Զորաց պանթեոնի մոտ Հովհաննես հայրիկը պատմում է իր որդու` Կարոտի մասին:
-Հովհաննես հայրիկ, որ գնում էր` դե՞մ չէիք,- հարցնում եմ:
- Դե, որ ասում են `պատերազմ գնալուց ամեն բան ծնողի սրտով ա կամ ծնողի կամքով ա` չէ… Բայց մեկ-մեկ մտածում եմ` իրենք հատուկ ծնվել էին էս ճանապարհի, էս ժողովրդին փրկելու համար: Բնությունը տվեց էդ սերունդն ու բնությունն էլ տարավ…,- ասում է Հովհաննես հայրիկն ու պտտվելով` լուռ նայում է Պռոշյանի նախկին գյուղապետ, սպանված Հրաչ Մուրադյանի շիրմին,- Մի անգամ հարց տվեցի, ասեցի` Կարոտ, էսքան կուսակցականներ եք, բա ճակատում ո՞նց է, ասեց` պապ, ճակատում կուսակցություն գոյություն չունի, բոլորս իրար կողքի ենք կռվում ու իրար հետ: Հրաչն ու Կարոտն էնքան լուրջ էին, ոնց որ 90 տարեկան եղած, փոքրացած լինեին: Մտածում եմ, որ իրենց ամեն ասածը վերծանելու համար դեռ տարիներ կպահանջվեն:
Ասում եմ` Հովհաննես հայրիկ, առանց Հրաչի գյուղը ո՞նց է:
-Հրաչը համեստության տիպար էր, բարի, իմաստուն… Էլ ո՞նց պիտի լինի,- պատասխանում է:
-Գեներա՜լ, գեներա՜լ,- Հովհաննես հայրիկին ձայն են տալիս Կարոտի ու Հրաչի մարտական ընկերները,- գեներալ, արի էս հովին նստի, խոսի` մենք էլ լսենք կամ արի տուն իջնենք:
-Եկեք իջնենք տղերք ջան, իմ տան դուռ բոլորի առաջ միշտ բաց է,- պատասխանում է Հովհաննես հայրիկը:
Կարոտի տան դիմաց ենք:
-Էս թթից կեր,- ասում է Կարոտի մարտական ընկեր Դանիելը,- Կարոտի տնկած ծառն է...
Ներս ենք մտնում: Պատին Կարոտի մեծ նկարն է: Անկյունում էլ են նկարներ: Հովհաննես հայրիկն իրար կողքի նույն քանակությամբ դրել է որդու` Կարոտի ու սպանված Հրաչի նկարները:
-Հովհաննես հայրիկ, Կարոտի իրերից ունե՞ք տանը:
-Արի աղջիկս, արի մի բան ցույց տամ` տես,- ասում է ու ցույց տալիս հին զինվորական տաբատ,- կարծեմ, մենակ սա է մնացել: Իրա գրքերն էլ տվել ենք ընկերներին, որ երբ Աստված հաջողի, գյուղում թանգարան ունենանք, դնենք այնտեղ: Կարոտի շորերը երկար ենք պահել, ով գիտեր, որ մեր գլխին սենց բան կգա…
-Սպասում եք գալու՞ն,- հարցնում եմ:
-Մարդը միշտ էլ հույսով է ապրում, բայց մարդու ղեկավարը բնությունն է: Բնությունն է որոշում ամեն բան: Սրանք մասունքներ են, որ անցնի 100 տարի, 1000 տարի մնալու են…Արյունը ջուր չի դառնա` ազգի արյունը չես կարա փոխես: Իսկ իմ դուռն արդեն 21 տարի է բաց է ու մի էտքան էլ բաց կմնա…