.jpg)
Թուրքական իշխանությունները Գեզի զբոսայգում «հայկական հետք» են փնտրում
Վերջին օրերին Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված սոցիալական ցանցերում սկսել են որոշակիորեն ի հայտ գալ վտանգավոր միտումներ՝ հակահայկական դրսևորումներով: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` ավելացնելով, որ սոցցանցերը բավական ակտիվ էին հատկապես Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումների համատեքստում, ինչով էլ պայմանավորված էր նաև երկրի իշխանությունների անհանգստությունը, որոնք փորձում էին ցանցային տիրույթը պահել առավելագույն վերահսկողության տակ: Վերջին օրերին որոշ սոցիալական ցանցերի թուրքական խմբերում նկատվել են հակահայ դրսևորումներ: Դրանք առկա են հատկապես տարբեր ծայրահեղ ազգայնական ուղղվածության խմբերում և էջերում, որոնց մասնակիցները բավական բացասաբար են տրամադրված Ստամբուլում և այլ քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ:
Ըստ թուրքագետի` որոշ խմբերում սկսել են շրջանառվել լուսանկարներ, տեսանյութեր և դրանց կից մեկնաբանություններ, որտեղ թիրախավորված վիրավորական արտահայտություններ են արվում հայերի հասցեին: Հատուկ հակահայկական ուղղվածության տեղեկություններ են հրապարակվում, որոնք ուղղակի կապ չունեն Թուրքիայում վերջին օրերին կատարվող իրադարձությունների հետ, ինչպես օրինակ` Հայոց ցեղասպանության մասին նկարներ, տեղեկություններ, որոնք ուղղակի բորբոքում էին սոցցանցերում առկա մթնոլորտը:
Նույնիսկ խոսվում էր Հայկական Սփյուռքի «դավադիր մտադրությունների» և Թուրքիայի ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին: Սոցիալական ցանցերում լուրջ քննարկում է առաջացրել և հակահայ դրսևորումների առիթ դարձել վերջերս Թաքսիմ հրապարակում «Անտիկապիտալիստ» թուրքական կազմակերպության ներկայացուցիչների կողմից Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնումը, ինչի հետ կապված նույնիսկ հնչել են սպառնալիքներ:
«Նման միտումները պայմանավորված են նախևառաջ թուրքական հասարակության մի հատվածի շրջանում առկա վախերով և «դավադրությունների տեսության» զանգվածային ընկալմամբ: Թուրքիայում տեղի ունեցող վերջին ցույցերի և փողոցային անկարգությունների համատեքստում իշխանությունները հավանաբար միտումնավոր կերպով հայտարարել են «օտար ուժերի ներգրավվածության մասին», ինչ էլ սոցիալական ցանցերում արդեն որոշակիորեն ստացել է թիրախավորում՝ մասնավորապես ի դեմս հայերի կամ հայության հետ առնչվող հիմնախնդիրների: Որոշ շրջանակներ այս օրերին ինտենսիվ փորձում են տարածել հակահայկական տրամադրություններ` նույնիսկ վերջին իրադարձությունների մեջ ցանկանալով տեսնելով նաև հայկական հետք»,- նշեց Լ. Հովսեփյանը: