Պռոշյանցի. Արյուն թափելով էլ` չենք թողի Հրաչի տեղը դրածո գա (Տեսանյութ)
13/06/2013 21:29

Պռոշյանցի. Արյուն թափելով էլ` չենք թողի Հրաչի տեղը դրածո գա (Տեսանյութ)

«Արյուն թափելով էլ լինի` թույլ չենք տա, որ Հրաչի տեղ ինչ-որ դրածո բերեն դնեն Պռոշյանում գյուղապետ,- ասում է Արցախյան ազատամարտի մասնակից, պռոշյանցի Գագասն ու ավելացնում, - էլ խի՞ ենք սաղ մնացել, որ պիտի թողենք Հրաչի, Պետոյի, Կարոտի ու մյուս տղերքի պատիվը գետնով տան»:

Նախնական տվյալներով Պռոշյան համայնքում գյուղապետի ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հուլիսի 14-ին: Գյուղում բոլորը միաձայն են` գյուղապետ պետք է դառնա կա՛մ Հրաչ Մուրադյանի եղբորորդին` Հակոբ Մուրադյանը, կա՛մ գյուղապետի տեղակալ Վլադիմիր Սահակյանը:

«Մենք մի քանի օր առաջ արդեն ապացուցեցինք, որ դրածոյի ոտք մեր գյուղ չի մտնելու, պետք եղավ` էլի կապացուցենք: Ու նույնն էլ պիտի անենք ընտրությունների օրը»,- ասում են գյուղացիները:

Ինչ վերաբերում է Հրաչ Մուրադյանի գործով ձերբակալված Արայիկ Պետրոսյանին, ապա գյուղացիները, եթե անգամ հավատում են, որ կրակողը նա է, ապա բացառում են այն վարկածը, որ հարցը կենցաղային էր.

«Կենցաղային վեճ չկար իրենց միջև: Եթե անգամ Արայիկն ա կրակել, թելադրանքը հաստատ վերևից ա եղել»,- ասաց պռոշյանցիներից մեկը:

«Էսօր ասում են՝ Կառավարությունը` ազատամարտիկներին... նույն կառավարությունն ազատամարտիկներով լցված Պռոշյանի համար բան չի արել: Ինչ արել ա, հեն ա` Զորաց պանթեոնն ա, հուշարձաններն են, սաղ Հրաչն ա արել: Ու տեսեք ինչ պատասխան ստացավ…Սաղ պատերազմն անցավ, որ գա ստեղ սպանվի»,- ասաց Հրաչի ու Կարոտի մարտական ընկեր Գագասը:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը սպանվել է այս տարվա ապրիլի 2-ին` գյուղապետարանի դիմաց: Սպանության մեղադրանքով ձերբակալվել է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրսյանը:
 

Պռոշյանցի. Արյուն թափելով էլ` չենք թողի Հրաչի տեղը դրածո գա (Տեսանյութ)