Ա. Մանուկյան. Իշխանի բերած թվերը շատ լավն են, մի երկուսին «ժերտվա» կտան
14/06/2013 16:40

Ա. Մանուկյան. Իշխանի բերած թվերը շատ լավն են, մի երկուսին «ժերտվա» կտան

Վարչապետին ուզում են քավության նոխազ դարձնել, ու դա անում են այնպես, որ ընդդիմադիր պատգամավորի մեջ նրան պաշտպանելու ցանկություն է առաջանում։ Ճեպազրույցների ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով օֆշորային սկանդալին:

Նա վստահ է, որ այդ գործարք իրականում եղել է. «Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կասկածում են, որ այդ գործարքը եղել է: Փաստորեն, իրենք ավելի համոզեցին, որ եղել է այդպիսի բան: Մենք առաջարկել ենք հանձնաժողով ստեղծվել, և դա կլիներ մաքրվելու միջոց, թող բաց, հիմնավոր կերպով ապացուցեր, որ չի եղել: Բայց ես մի մոտեցում ունեմ, վերջերս, մի տեսակ, վարչապետին ուզում են դարձնել, ըստ իս, քավության նոխազ: Ինքը չի այս ամենի մեղավորը: Սա կատարվում է մեկ մարդու կամքով, մեկ մարդու թելադրանքով, մեկ մարդու համաձայնությամբ»:

Խոսելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվության և արձանագրված խախտումների մասին` ՀԱԿ պատգամավորը նկատեց, որ ամբողջ համակարգն է այդպիսին։

«Մարդիկ, ովքեր խախտումներ են արել, չեն կարող անել այլ կերպ: Եթե չկեղծես ինչպե՞ս ես մենաշնորհների դեմ պայքարելու, եթե գաջ ես բերում մարգարին ես ձևակերպում, կամ բանան ես բերում «դամաշնիկ» ես ձևակերպում, էդ լուծումի տակից պիտի դուրս գաս: Գնացեք ցանկացած խանութ, հարցրեք ապրանքներն իրենց անուններին իրենց թղթով համապատասխանո՞ւմ են, հարցրեք՝ թվերը համապատասխանո՞ւմ են: Իհարկե ոչ, տարբերակ չկա` ինքը ապրանքը ստանում է մի թղթով, ձևակերպում է մեկ այլ թղթով: Այս ամենը համակարգից է գալիս և դա ստեղծված է նպատակային»,- մանրամասնեց Ա. Մանուկյանը:

Ինչ վերաբերում է ՎՊ հաշվետվության կոնկրետ թվերին, ապա Ա. Մանուկյանը նկատեց. «Իշխանի բերած թվերը շատ լավն են, բայց երրորդ արարը` մարդկանց պատժելը, դժվար թե լինի: Իշխանը երեք տարի ներկայացրել է, բայց ովքե՞ր են պատժվել, ոչ ոք: Սա սովորական քաղաքական հնարք է, շոու` երեք արարով` հայտնաբերել, ցուցադրել, պատժել կամ չպատժել: Հենց որ պատժեն, կասենք` ապրեք, սակայն դա կլինի հարյուրից մեկը»:
ՀԱԿ պատգամավորը կարծում է, որ նման հայտարարություններից հետո շոուներ կլինեն, սակայն. «Դա համակարգն է… մի երկուսին «ժերտվա» կտան` համակարգը պահելու համար, սակայն զոհաբերության ենթակա են բոլորը` երկրորդ համարից սկսած»:

Ա. Մանուկյանը մեջբերեց, ինչպես ինքն ասաց, մի «սիրուն ձևակերպում», թե բուրգի տակ կարող են միայն պառկել, իսկ կանգնել կարող է միայն մեկը:

 

Ա. Մանուկյան. Իշխանի բերած թվերը շատ լավն են, մի երկուսին «ժերտվա» կտան