Վրացագետ. Ռուս-վրացական հարաբերություններում առկա են նոր տենդենցներ
14/06/2013 18:30

Վրացագետ. Ռուս-վրացական հարաբերություններում առկա են նոր տենդենցներ

«Ռուս-վրացական հարաբերությունների հետ կապված Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը շատ դրական էր և Ռուսաստանի նախագահի կողմից մինչ այս պահը այսպիսի արձագանք չէր եղել վրաց-ռուսական գործընթացին: Ռուսական կողմը հայտարարեց, որ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վլադիմիր Պուտինի Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Նա նշեց, որ Պուտինի հայտարարությունը առնչվում էր նաև Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում` ռուս-վրացական հատուկ ծառայությունների օլիմպիական խաղերի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ համատեղ աշխատանքներին:

«Պուտինի հայտարարությունից հետո, Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտարարարեց, որ ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացի` Միքայել Կադիևը և Ռիզվան Օմարովը, որոնց մեղադրանք են առաջադրել ահաբեկչության հետ կապված: Այս անձինք Վրաստանի տարածքում են բնակվում 2011թ.-ից»,- ասաց բանախոսը:

Ջ. Մելիքյանը նշեց, որ այս տիպի քայլերով վրացական իշխանությունները արձագանքում են Պուտինի հայտարարությանը` ցույց տալով, որ իրենք ամեն ջանք կգործադրեն Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգությունը ապահովելու համար:

Վրաստանի հարցերով փորձագետն ասաց, որ դրական միտում էր նաև ռուս-վրացական հարաբերություններում վիզային ռեժիմի դյուրացման հետ կապված պայմանավորվածությունները:

Նրա խոսքով՝ վրացական արտադրանքը նույնպես վերադառնում է ռուսական շուկա`Ռուսաստան է առաքվել վրացական գինու առաջին խմբաքանակը:

«Վերին Լարսի անցակետի աշխատանքը ակտիվացնում է ոչ միայն ռուս-վրացական տնտեսական կապերը, այլ նաև անդրադառնում Հայաստանի վրա, քանի որ մեր երկիրը մեծ քանակությամբ ապրանքներ է ներկրում Ռուսաստանից հենց Վրաստանի տարածքով»,- ասաց Մելիքյանը:

Նա հավելեց, որ ռուս-վրացական հարաբերություններում նոր զարգացումների պետք է սպասել նաև հոկտեմբերից հետո:

Վրացագետ. Ռուս-վրացական հարաբերություններում առկա են նոր տենդենցներ