.jpg)
Սիրիայի ԱԳՆ. ԱՄՆ հայտարարությունը քիմիական զենքի վերաբերյալ սուտ է
Սիրիայի ԱԳՆ-ն «սուտ է» որակել Սպիտակ տան հայտարարությունն այն մասին, որ Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել: Ըստ Սիրիայի ԱԳՆ-ի՝ այդ տվյալները հիմնված են շինծու տեղեկությունների վրա: Սիրիական արտաքին գերատեսչության հայտարարությունը մեջբերում է պետական SANA գործակալությունը:
Հայտարարությունում նշված է, որ ԱՄՆ-ն «այդ առիթն օգտագործում է նախագահ Բարաք Օբամայի՝ զինված խմբավորումներին զինելու որոշումն արդարացնելու համար»:
«Դա էժանագին հնարք է»,- ասվում է հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ այս դեպքում ԱՄՆ-ն պատասխանատվությունը բարդում է Սիրիայի կառավարութան վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումներն ունեն մահացու քիմիական զենք, իսկ տեխնոլոգիան, որն անհրաժեշտ է այդ քիմիական նյութերն արտադրելու համար, մաքսանենգ ճանապարհով բերվել են հարևան երկրներից:
Փաստաթղթում դապատարվում է նաև ահաբեկչության նկատմամբ ԱՄՆ երկակի քաղաքականությունը:
«Օբամայի վարչակազմը մի կողմից հայտարարում է, որ «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորմանը մտցրել է «սև ցուցակ», իսկ մյուս կողմից ուղղակի ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ահաբեկչական այլ խմբավորումներին»,-նշվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ ահաբեկչական խմբավորումներին զենք ուղարկելու ԱՄՆ-ի այդ որոշումը կնշանակի, որ «ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է սիրիացի ժողովրդի արյանահեղության մեջ»: