.jpg)
Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցույթում
Հայաստանի ներկայացուցիչ, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ղալումյանը ճանաչվել է 2012թ.-ին Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարած մրցույթի հաղթող: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայությունից:
14-25 տարեկան երիտասարդների համար կազմակերպված մրցույթին, որը նպատակ ուներ միջազգային հանրությանը ներկայացնել մասնակիցների տեսլականը խաղաղության կառուցման վերաբերյալ, մասնակցեցին հազարավոր երիտասարդներ:
Էսսե, վիդեո, լուսանկարչություն և գրաֆիկական նկարչություն կատեգորիաներում անցած մրցույթին հայ մասնակիցը ներկայացել էր «My Fairy Tale» տեսահոլովակով:
Մհեր Ղալումյանի աշխատանքի ներկայացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հնարավոր դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբների հայկական ֆեդերացիայի նախագահ Մհեր Գաբրիելյանի համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներից կազմված ժյուրին գնահատել է ներկայացված աշխատանքները` հաշվի առնելով հեղինակների անհատական և ստեղծագործական մոտեցումները խաղաղության մշակույթի արժեքները բացահայտելու գործում: