Ազատամարտիկ. Անհատական մոտեցում մեզ պետք չէ, պետական մոտեցում ենք ուզում
14/06/2013 17:52

Ազատամարտիկ. Անհատական մոտեցում մեզ պետք չէ, պետական մոտեցում ենք ուզում

Կառավարությունը, կարելի է ասել, պետության ծնողն է: Կան չէ՞ ծնողներ, որոնք չեն հետևում իրենց երեխաներին: Դե հիմա մեր կառավարությունն էլ այդ վատ ծնողներից է: Այս մասին այսօր Ազատություն ռ/կ եթերում ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքով` այսօր անտեսվում են ազատամարտիկների մի շարք իրավունքներ.

«Օրինակ տեսեք` ասում են անվճար բուժօգնություն: Հենց եթերից առաջ ես զանգ ստացա մեր ընկերներից մեկից` Կենտրոնական հոսպիտալում է պառկած ու ստանում է իբր ավճար բուժօգնություն: Զանգել էր ու խնդրում էր, որ լրագրողներով գնանք մոտը: Մարդը պառկած է, ասում են` քեզ էսինչ դեղն է պետք, բայց հիվանդանոցը չունի` գնա առ բեր: Այդ դեղն էլ 20 հազար դրամ արժե` հիմա եղավ անվճա՞ր»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Ազատամարտիկի խոսքով` իրենց հետ հանդիպման ժամանակ վարչապետը անկեղծորեն մտահոգ էր.
«Կարծում եմ, որ մեզ լսելուց հետո լուծում կտա խնդիրներին»,- ասաց ազատամարտիկը:

Ազատամարտիկը համաձայն է, որ երկրում ինչ-որ տեղ կա վախի մթնոլորտ.
«Ինձ երբեք ոչ ոք չի սպառնացել: Նստացույցը սկսելուց հետո շատերն են եկել` խոսել: Սպառնալիք չի եղել, հակառակը` անհատական մակարդակով օգնություն են առաջարկել: Բայց միշտ ասում ենք` մեզ անհատական օգնություն պետք չի` պետք է պետական մոտեցում»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանն ու ավելացրեց.

«Բայց էսպիսի մի բան էլ կա: Այն անգամ ազատամատիկ ընկերներիցս մեկի կնոջ հետ էի խոսում: Նրանց տղան բանակում է ծառայում: Կինն ասում է` Վոլոդյա, ամուսինս ուզում ա գա, միանա ձեզ, բայց վախենում ա` մեր տղան բանակում ա ծառայում»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

«Ես հակառակն եմ մտածում: Նա պիտի գա, ակտիվ լինի հրապարակում, որ մարդիկ տեսնեն կռված տղա է: Որ հարգանքը ձևավորվի ու իր տղային մի բան էլ ավելի լավ նայեն բանակում»,- կարծիք հայտնեց ազատամարտիկը:

Նշենք, որ այս պահին ազատամարտիկները սպասում են կառավարության կոնկրետ քայլերին:

Հիշեցնենք` նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության արտագնա նիստի ժամանակ հայտարարել էր, որ ազատամարտիկները հավասարվելու են զինծառայողներին:  

Նախորդող հրապարակում` Ազատամարտիկները հավասարեցվեցին զինծառայողներին

Ազատամարտիկ. Անհատական մոտեցում մեզ պետք չէ, պետական մոտեցում ենք ուզում