Մեղրամոմե դիմակներ` տանը
15/06/2013 16:49

Մեղրամոմե դիմակներ` տանը

Հնագույն ժամանակներից մարդիկ իմացել են մեղրամոմի հակաբորբոքային, վերքամոքիչ, փափկեցնող հատկությունների մասին։ Մեղրամոմը պարունակում է 300-ից ավելի տարբեր նյութեր։ Այդ նյութերի 70-75%-ը բարդ եթերային յուղեր են, 13-15%-ը՝ ճարպային թթուներ, 12-17%-ը՝ ածխաջրեր։ Դեղին մեղրամոմի մեջ շատ են ենթավիտամին A-ն, բուրումնավետ, ներկող, հանքային, մանրէասպան նյութերը։ Ենթավիտամին A-ի պարունակությունը կազմում է 8-12 մգ, որն ավելին է, քան նույն զանգվածի գազարի մեջ՝ 2-9 մգ։ Մեղրամոմի կիրառությունը գեղարարության մեջ շատ ընդարձակ է, այն իր բաղադրությամբ մոտ է մաշկի ճարպաշերտին: Մաշկի վրա բարակ շերտ առաջացնելով՝ այն կանխարգելում է ճարպազրկումը, ներծծվում է մաշկի մեջ, փափկեցնում և երիտասարդացնում այն։ Տնային պայմաններում մեղրամոմը կարելի է ընդգրկել սնուցող դիմակների մեջ։

Սնուցող-փափկեցնող դիմակ

Կավե (կամ ճենապակե) ամանի մեջ լցնել 20 մլ կիտրոնահյութը, 5 մլ 40%-անոց սպիրտը, 10 գ մեղրամոմը, 10 գ կետաճարպը (սպերմացետ)։ Տաքացնել ջրային բաղնիքի վրա, այնքան` մինչև մոմը հալչի։ Խառնել։ Դիմակը փափուկ վրձնի օգնությամբ բարակ շերտով քսել դեմքին, 15 րոպե հետո լվանալ գոլ ջրով։

Մաքրող քսուք

15 մլ ջուրը, 25 մլ դեղձի յուղը, 0,5 բորակը, 5 գրամ մեղրամոմը լցնել կավե (կամ ճենապակե) ամանի մեջ, տաքացնել, մինչև մոմը հալչի, և խառնել։ Օգտագործել գոլ վիճակում։

Սնուցող քսուքներ

- Կավե ամանի մեջ 25 մլ դեղձի յուղ լցնել, 3 գ մեղրամոմ, 6 գ կետաճարպ, 4 գ բժշկական գլիցերին։ Տաքացնել ջրային բաղնիքի վրա՝ մինչև մոմը հալչի, ապա խառնել։

Ի դեպ, մեղրով դիմակները թույլատրվում է ամսվա մեջ 2-3 անգամ օգտագործել։ Եվ քսուքները պետք է պահել հով տեղում։

- Մեկ ձվի դեղնուցը խառնեք 1թ/գ մեղրի հետ։ Քսեք դեմքին, պահեք 15-20 րոպե։ Լվացեք տաք ջրով, չորացրեք անձեռոցիկով։ Դիմակը մաքրելուց հետո խոնավացնող քսուք օգտագործեք։ Մի քանի անգամ այսպիսի դիմակներ դնելուց հետո մաշկը թավշյա և նուրբ կդառնա։

- 2 ձվի դեղնուցը խառնեք 2.թ.գ. մեղրի և 1 թ.գ. նշի յուղի հետ, ավելացրեք ծեծած վարսակալյուր (տոլոկնո), լավ խառնեք մինչև միասեռ զանգված դառնա, քսեք դեմքին։ 20 րոպեից հետո մաքրեք դեմքից տաք ջրի մեջ թրջած բամբակե խծուծի օգնությամբ։

Մաշկը փափկեցնող, հարթեցնող դիմակ

Խառնեք 1ճ.գ. չոր, ծլած եգիպտացորենի ալյուրատիպ դարձած հատիկները, կես կիտրոնի հյութը, հարած դեղնուցը և 1 թ.գ. մեղրը։ Քսեք դեմքին, պահեք 20 րոպե։ Լվացեք տաք կաթով։

Չոր մաշկը թարմացնող դիմակ

Քերիչի մանր հատվածով անցկացրեք փոքր մեծության խնձոր, ավելացրեք 1ճ.գ մեղր, 1 դեղնուց, 1 թ.գ. կիտրոնի հյութ և 1 թ. գդալ բուսական յուղ։ Խառնեք, քսեք դեմքին, լվացեք 10-15 րոպե հետո։

Մեղրամոմե դիմակներ` տանը