.jpg)
Իրանագետ. Ընտրությունների նախնական արդյունքերն անակնկալ չեն
Երեկ` հունիսի 15-ին, Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Արդեն հայտնի են դարձել ընտրությունների նախնական արդյունքները, որոնց վերաբերյալ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
- Ինչպիսի՞ն են ընտրությունների նախնական արդյունքները, և գրանցվել են արդյոք անակնկալներ:
- Նախնական արդյունքների համաձայն` առաջատարը միակ բարեփոխական թեկնածու Հասան Ռուհանին է, որի օգտին ամենավերջին տվյալներով քվեարկել է շուրջ 6.049.655 ընտրող: Երկրորդ տեղում է Թեհրանի գործող քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը հավաքել է 1.844.463 ձայն: Վերջինիս մի փոքր զիջում է, Վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային` հավաքելով 1.518.964 ձայն: Բայց սրանք դեռևս միայն նախնական արդյունքներ են, որոնք բնականաբար, փոփոխության են ենթարկվելու: Հասան Ռուհանիի առաջատարությունը որևէ կերպ անակնկալ չի կարելի համարել, քանի որ բարեփոխական ճամբարի ներկայացուցիչները բավական կազմակերպված և համախմբված են գործել ողջ նախընտրական շրջանում` հակառակ պահպանողականների, որոնք ընտրություններին մասնակցեցին չորս թեկնածուով:
- Ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը կարո՞ղ է նշանակել, որ իրանական հասարակությունը դժգոհ է բարձրաստիճան հոգևոր վերնախավից:
- Դիտարկելով Իրանի ներքաղաքական գործընթացների դինամիկայից` ընտրությունների նախնական արդյունքները դառնում են խիստ տրամաբանական: Նախ վերհիշենք Մ. Ահմադինեժադի նախագահության երկրորդ շրջանը, որի ընթացքում նշանակալի պառակտում գրանցվեց պահպանողականների ճամբարում: Տարաձայնություններից չկարողացան խուսափել նույնիսկ անձամբ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Սակայն հիմք ընդունելով այն փաստը, որ Մ. Ահմադինեժադը երրորդ անգամ այլևս չի կարող առաջադրել իր թեկնածությունը, վերջինիցս դժգոհ պահպանողական թևի ներկայացուցիչները համբերատար սպասեցին մինչև նախագահական նոր ընտրությունները` հուսալով, որ Մ. Ահմադինեժադի` քաղաքական ասպարեզից հեռանալուց հետո վերջապես պահպանողական ճամբարը կարող է համախմբվել: Դա տեղի չունեցավ, քանի որ ինչպես ականատես եղանք, նախագահական ընտրությունների նախաշեմին պահպանողականներն այդպես էլ չկարողացան համախմբել իրենց ռեսուրսները, որպեսզի ընտրություններին ներկայանան մեկ միասնական թեկնածուով: Արդյունքում, մինչ այս պահը գրանցված ցուցանիշները վկայում են այն մասին, որ բարեփոխականների գործելաոճն առավել ընդունելի և ընկալելի է իրանական հասարակության կողմից: Դա, միաժամանակ, չի նշանակում, որ տվյալ ընտրությամբ իրանական հասարակությունն իր ըմբոստությունն է արտահայտում երկրում գործող իսլամական կառավարման համակարգի կամ բարձրաստիճան հոգևոր վերնախավի հանդեպ: Չմոռանանք, որ 1997-2005 թթ. բարեփոխականների ներկայացուցիչն արդեն երկու անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում, և իրանական հասարակությունը ծանոթ է այդ քաղաքական ուժի գործելաոճին և հստակ պատկերացնում է նրա հնարավորությունների շրջանակը ներքին և արտաքին քաղաքական հարցերում: