Րաֆֆի Հովհաննիսյան. Վեց ամիս առաջ նախաձեռնածս ուժի մեջ է
15/06/2013 14:42

Րաֆֆի Հովհաննիսյան. Վեց ամիս առաջ նախաձեռնածս ուժի մեջ է

Եթե արտագաղթը նման տեմպերով շարունակվի, երկիրը տանելու է ժողովրդագրական տագնապի։ Արտագաղթը շաբլոնային բառ է դարձել, բայց նա, ով կանգնում է սահմանի վրա, գիտի, որ դա աղետ է։ Այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, երբ հանդիպում ունեցավ կուսակցության համակիրների հետ:

Շարունակելով խոսքը` Ր. Հովհաննիսյանն ասաց, որ մեր նախագահությունը ոչ թե կեղծընտիր է, այլ` անընտիր է. «Եթե ես ձեզ հիասթափեցրել եմ, արյուն չբերելով կամ ստվերային կառավարություն չառաջարկելով, եթե ես մի հոգու արտագաղթի պատճառ եմ դարձել, ներողություն եմ խնդրում: Շատերը շփոթում են վերջնական հաղթանակի հասնելը պարտության հետ, և այն, ինչ նախաձեռնեցինք վեց ամիս առաջ, ուժի մեջ է»,- ասաց Ր. Հովհաննիսյանը` հավելելով, թե ոչ ոք իրավունք չունի գնահատական տալ:

Ր. Հովհաննիսյանն, ինչպես նախկինում էր ասում, այսօր ևս ասաց, որ իրենց խնդիրը տարիների ընթացքում խոցված հավատի վերականգնումն է: «Պետք է հասկանալ, թե ՀՀ քաղաքացին պատրաստ է տանել այդ չարքաշ, ամենօրյա պայքարը, թե շատերը ոչ մի ներդրում չունենալով այս պայքարի մեջ, նկատողություն կանեն տանը նստած։ Այս տարվա ընթացքում կա՛մ ազգովի հավաքվում ենք, կա՛մ ամեն մեկն իր սեփական, առանձին դրոշի տակ հասարակությանը տանում է այս կամ այն ուղղությամբ»,-ասաց Ր. Հովհաննիսյանը:

Ր. Հովհաննիսյանը հայտնեց, որ մի քանի օրից իր կուսակցությունը վերսկսում է այցելությունները մարզեր, և առաջինը կլինի Սյունիքի մարզը. «Ամառվա ընթացքում մենք կայցելենք բոլոր մարզեր, բայց սա զուտ այցելություն չի լինելու, այլ՝ աշխատանքային»:

Ինչպես նաև` աշնանը սպասվում է «Նոր Հայաստան» նախաձեռնությանը վերաբերող նոր համաժողով. «Մենք պետք է կատարենք այն երդումը, որ արել ենք ապրիլի 9-ին. Մեզ պետք է ոչ թե պատրվակ, այլ՝ գործ»:

 

 

Րաֆֆի Հովհաննիսյան. Վեց ամիս առաջ նախաձեռնածս ուժի մեջ է