.jpg)
Արբագետ. Գոլաններում ռուս խաղաղապահների տեղակայումը քիչ հավանական է
«Գոլանի բարձունքներ ռուս խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամության մասին պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը, անկախ արդյունքից, «շախմատային» քայլ է, որը լուրջ հոգեբանական, քարոզչական, նաև քաղաքական նշանակություն ունի»,- այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին լայն քննարկումների թեմա դարձած իսրայելասիրիական սահմանային տարանջատման գոտում ռուսական զորամիավորման տեղակայման հնարավորությունները, այն բանից հետո, երբ Ավստրիան հայտարարեց անվտանգության նկատառումներով սեփական միավորման դուրսբերման մասին:
«Չեմ կարծում, թե պատահական էր, որ նման նախաձեռնությամբ առաջինը հանդես եկավ հենց Ռուսաստանի նախագահը, և, որ Վ. Պուտինը նման հայտարարություն անելուց առաջ տեղեկացված չէր այն իրավական խոչընդոտների մասին, որոնք առկա են շուրջ 40 տարվա վաղեմություն ունեցող իսրայելասիրիական համաձայնագրում` սահմանային տարանջատման վերաբերյալ, համաձայն որի` Իսրայելի և Սիրիայի սահմանների միջև ստեղծված ապառազմականացված գոտում մշտադիտարկման գործառույթներ իրականացնող ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությունը պետք է կազմավորվի առանց ԱԽ-ի մշտական անդամների մասնակցության:
Այս համատեքստում, թերևս պետք է կենտրոնանալ նման հայտարարության ենթատեքստի վրա հատկապես սիրիական ճգնաժամի ներկա փուլում, երբ թե՛ Սիրիայի ներսում, թե՛ երկրից դուրս առավելությունը Բաշար Ալ-Ասադի և նրա արտաքին հովանավորների կողմն է: Նախևառաջ, սա հերթական «շախմատային» քայլն էր, որի պատճառով «անհարմար» իրավիճակում հայտնվեց «հակասադյան կոալիցիան», երկրորդ` սա նշանակում էր, որ Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում լքել Սիրիան, այլ ընդհակառակը`ձգտում է առավել ամրապնդվել այդ երկրում` ռազմական ստորաբաժանում ուղարկելով իսրայելասիրիական վիճելի սահմանային տարածքներ: Եվ երրորդ, Ռուսաստանն, ի տարբերություն նաև արևմտյան մի շարք պետությունների, ռազմական գործողություններից չի ընկճվում, և նույնիսկ բավականին լուրջ անվտանգության սպառնալիքի պայմաններում պատրաստ է ստանձնել այն պատասխանատվությունը, որ իրեն կվերապահեն: Այս առումով, պետք է նշել, որ ռուս զինծառայողներն առավել թիրախավորված կլինեն սիրիական վարչակարգի դեմ հանդես եկող զինված խմբավորումների կողմից հենց միայն այն պատճառով, որ Մոսկվան համակողմանի աջակցություն է ցուցաբերում գործող սիրիական իշխանություններին»,- նշեց արաբագետը:
Խոսելով ռուսական նախաձեռնության կենսագործման հնարավորությունների մասին՝ արաբագետը պարզաբանեց. «Կարծում եմ` ներկա իրավիճակում չափազանց քիչ է դրա հավանականությունը, սակայն գործնականում դա անհնար չէ: Ընդհանրապես ռուսական զորամիավորման տեղակայումը հնարավոր է երկու պարագայում. առաջինը, բնականաբար, նույն խաղաղապահ առաքելություն իրականացնող պետությունների ձևաչափում, սիրիական և իսրայելական կողմերի համաձայնությամբ, փոփոխության պայմաններում` երկկողմանի համաձայնագրի կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի նոր բանաձևի հիման վրա:
Այս պարագայում, եթե սիրիական կողմի անվերապահ համաձայնությունը կասկածի տեղիք չի տալիս, և արդեն իսկ պաշտոնական Դամասկոսը փոխարգործնախարարի մակարդակով հայտարարել է այդ մասին, ապա նույնը չի կարելի ասել Իսրայելի դեպքում: Արդեն իսկ պաշտոնական Թել Ավիվը երկակի խաղ է սկսել. մի կողմից հրեական պետության ներքին գործերի փոխնախարար Ֆաինա Կիրշենբաումը հայտարարում է, որ իր երկիրը չի պատրաստվում խոչընդոտել ռուսական նախաձեռնությանը, մյուս կողմից՝ փոխարտգործնախարար Զեև Էլկինը, մեջբերելով 1974 թ. փաստաթուղթը, խոսում է Սիրիայում առկա ճգնաժամի պայմաններում ռուսական նախաձեռնության անհնարինության մասին: Ռուսական ռազմական ստորաբաժանումների տեղակայման մյուս հավանական տարբերակը հնարավոր է Ռուսաստանի և կողմերից յուրաքանչյուրի միջև մասնավոր երկկողմանի համաձայնագրի արդյունքում, ինչի հավանականությունը Իսրայելի դեպքում զրոյական է, իսկ Սիրիայում քիչ հնարավոր` ներքին զինված հակամարտության առկայության պատճառով»,- մանրամասնեց Ա. Պետրոսյանը:
«Պարզ է, որ ռուս զինծառայողների տեղակայման դեպքում կփոխվի նաև խաղաղապահ գործունեության որակական հատկանիշը, բնականաբար ոչ ի նպաստ իսրայելական կողմի: Որպես օրինակ, ասենք, այս տարվա ընթացքում իսրայելական օդուժի կողմից սիրիական մի շարք օբյեկտների դեմ իրականացված հարձակումների կրկնության դեպքում խաղաղապահների գնահատականը կլինի առնվազն ավելի օբյեկտիվ: Եվ հետևաբար, կասկածից վեր է, որ քանի դեռ ավելի է խորանում սիրիական ճգնաժամը, և ավելի են կարծրանում նաև հակամարտության արտաքին դերակատարների դիրքորոշումները, քանի դեռ ուրվագծված չեն ճգնաժամի կարգավորման հեռանկարները, ռուսական կողմին չեն տրվի Սիրիայում և ընդհանրապես Մերձավորարևելյան տարածաշրջանում սեփական դիրքերն առավել ամրապնդելու հնարավորություններ: Ընդհակառակը, տեղի կունենա տրամագծորեն հակառակ գործընթաց: Կարծում եմ, որ սիրիական վարչակարգի ընդդիմադիրներին սպառազինություն մատակարարելու մասին ԱՄՆ-ի նախագահի կայացրած որոշումը, հորդանանասիրիական սահմանին ամերիկացի զինծառայողների մանևրները կարելի է դիտարկել հենց ի պատասխան ՌԴ նախագահի առաջ քաշած նախաձեռնության: Իսկ առաջիկայում նման «շախմատային» քայլերը և քարոզչական հակամարտությունը կշարունակվեն նոր միտումներով. հնարավոր է` հերթական «պարտիայի» սկիզբը ազդարարվի Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք «Մեծ Ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում»,- եզրափակեց արաբագետը: