.jpg)
Ջհանգիրյան. Հակառակ պարագայում` մենք էլ ենք դառնում թալանի պարտակողը
Վերջին երկու տարիներին Վերահսկիչ պալատի նախագահն ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ դատախազություն այլևս չի ուղարկում, որովհետև հիասթափված է այդ մարմնից: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ինչի մասին իմացել է ՎՊ նախագահի հետ խմբակցությունում հաշվետվությունը քննարկելիս:
«ՎՊ-ի մի քանի տարիների ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված բյուջեի անխնա մսխման ու թալանի հարյուրավոր փաստեր այդպես էլ քրեա-իրավական շարունակություն չեն ստանում, ինչի համար, ըստ էության, կարող է տրվել երկու բացատրություն:
Նախ՝ ՎՊ ամփոփագրերում արձանագրված փաստերը ինչ-ինչ պատճառներով միտումնավոր ուռճացվում և գույները խտացվում են, իսկ իրավապահ մարմիններն էլ դրանցում շարունակաբար հանցակազմ չեն տեսնում:
Երկրորդ՝ իրավապահ մարմինները, ինչ-ինչ շարժառիթներից ելնելով, անթաքույց հովանավորում են բյուջեից կատարվող այդ թալանը, կոծկում փաստերը կամ իրենք էլ են բյուջեում փայ մտնում»,- մանրամասնեց Գ. Ջհագիրյանը:
Եզրափակելով խոսքը՝ ՀԱԿ պատգամավորը նշեց, որ ԱԺ-ի Սահմանադրա-իրավական ստատուսը, նրա լիազորությունները լիովին բավարար են՝ լուծելու այս թնջուկը. «Որոշումն ԱԺ-ն է, հակառակ պարագայում մենք էլ ենք դառնում այս թալանի մասնակիցն ու պարտակողը»: