.jpg)
Ռոհանի. Սիրիական ճգնաժամը պետք է լուծվի Սիրիայի ժողովրդի մասնակցությամբ
Սիրիական ճգնաժամը պետք է լուծվի Սիրիայի ժողովրդի մասնակցությամբ: Այս մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին:
Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Իրանի նորընտիր նախագահը Սիրիայի հարցի առնչությամբ, Հասան Ռոհանին մասնավորապես պատասխանել է. «Սիրիական ճգնաժամի լուծումը Սիրիայի ժողովրդի պարտականությունն է: Սիրիայի ճակատագրի վերջնական որոշումը պետք է կայացնի հենց Սիրիայի ժողովուրդը: Իհարկե, մենք դեմ ենք ահաբեկչությանը, մենք դեմ ենք արտահայտվում նրան, որ որոշ երկրներ փորձում են միջամտել սիրիական ճգնաժամին: Հուսով ենք, որ տարածաշրջանի երկրների օգնությամբ Սիրիայում կրկին կտիրի խաղաղությունն ու կայունությունը, ինչն էլ ցանկանում է Սիրիայի ժողովուրդը»:
Իրանի նորընտիր նախագահը, անդրադառնալով Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ «Ալ-Ջազիրայի» լրագրողի բարձրացրած հարցին, մասնավորապես նշել է. «Արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը լինելու է բոլոր 15 հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելը: Ինչ վերաբերում է Պարսից ծոցին, ապա այն մեզ համար ռազմավարական նշանակություն ունի: Պարսից ծոցի արաբական երկրների հետ մենք բացի հարևան լինելուց, նաև եղբայրական հարաբերություններ ունենք»: