Փոստանջյան. Քաղաքապետը պետք է պատասխանատվության ենթարկվի
17/06/2013 19:24

Փոստանջյան. Քաղաքապետը պետք է պատասխանատվության ենթարկվի

Ինչո՞ւ քրեական պատասխանատվության չի ենթարկվում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում պաշտոնավարման ժամանակահատվածում Վերահսկիչ պալատը հայտնաբերել է հողի անարդյունավետ կառավարման, աճուրդների անցկացման ընթացքում չարաշահումների դեպքեր։

ՎՊ նախորդ տարվա հաշվետվության քննարկման ժամանակ նման հարցադրում արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Ի պատասխան՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ասաց. «Դուք հիմա կարող եք ասել` չէ, չէ, չէ, ես էլ կարող եմ ասել՝ հա, հա, հա, բայց այդպես հարցը չի լուծվելու։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար։ Դուք հարցնում եք՝ ինչո՞ւ ՎՊ-ն չի դիմել իրավապահ մարմիններին, ես էլ չգիտեմ, պետք է Վերահսկիչ պալատին հարցնել»:

Ինչ վերաբերում է հողային պաշարների անարդյունավետ օգտագործմանը, ապա փոխվարչապետը համաձայնեց, որ ոլորտում խնդիրներ կան, սակայն Ա․Գևորգյանը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանն անկախ մարմին է, և կառավարությունը բավարար հիմքեր պետք է ունենա՝ որևէ քայլ կատարելու համար։

«Այն, ինչ հիմա Դուք ասում եք, կարող է կրկնակի մեկնաբանության տեղիք տալ: Զավեշտն այն է, որ պաշտոնական դիրքի չարաշահման օբյեկտ կամ սուբյեկտ հանդիսանում է Երևանի ավագանին, քանի որ որոշումները կայացնում է Երևանի ավագանին և փոխանցում Երևանի քաղաքապետին, այսինքն՝ մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Երևանի ավագանուն։ Եթե այդքան լուրջ անհանգստություն ունեք, որ այդ հարցում քրեական հետապնդման առարկա կա, ապա դուք էլ կարող եք դիմել իրավապահ մարմիններին։ Եթե ես չեմ սխալվում, քանի որ «Բարև» դաշինքը ներկայացված է Երևանի ավագանիում, ես առաջարկում եմ, որ ձեր գործընկերներն առաջիկայում այդ հարցը քննարկման առարկա դարձնեն ավագանիում»,- եզրափակեց խոսքը փոխվարչապետը: 

Փոստանջյան. Քաղաքապետը պետք է պատասխանատվության ենթարկվի