.jpg)
Ջրաշենի «ուրվականի» գործ. Արամ Ստեփանյանի հարազատները վրդովված են
Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում օրեր առաջ հայտնված «ուրվականին» դեռ չեն գտել, սակայն մամուլում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է, նա այս տարվա փետրվարի 10-ից անհետ կորած Դարակերտ գյուղի բնակիչ 37-ամյա Արամ Ստեփանյանն է:
Ա. Ստեփանյանի հարազատը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ անընդունելի է, որ Արամի անունը կապում են նման դեպքի հետ, այն պարագայում, երբ նրան փաստացի չեն գտել:
«Ես չեմ ասում մի գրեք, բայց թող գտնեն, ապացուցեն, որ ինքն է, գիժ է: Մարդը կորած է փետրվարի 10-ից, արդեն մեծ երեխաներ ունի, որոնց հետո կարող են ասել, ձեր հորը հրեշ էին ասում: Նա հարազատներ ունի, ընտանիք, առանց ապացույցների ինչպե՞ս կարելի է նրա անունը տալ: Մեկը ձեր մասին նման բան գրի, ո՞նց կվերաբերվեք, մարդիկ արտասահմանից զանգում են, ասում, էդ ի՞նչ ա եղել: Մենք չենք ասում չէ, ուղղակի տենանք, որ բռնել են, իրոք ինքնա, նոր ասեք»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այս լուրերը վրդովվեցրել են Ա. Ստեփանյանի բոլոր հարազատներին:
«Նա տնից դուրս է եկել փետրվարի 10-ից ու այլևս չի վերադարձել: Եթե իմանայի` ուր կարող էր գնացած լինել կամ պատճառը, արդեն գտած կլինեի նրան: Մի անգամ ասեցին` Աշտարակում են իբր գտել նրան, գնացինք տեսանք, 120 սմ բոյով մարդ է: Առաջ նման բան երբեք նրա հետ չի եղել, եթե հիվանդություն ունենար, կով չէր կարա պահի, իր անասունին տեր կանգնի, նորմալ ընտանիքն ուներ»,-ասաց նա:
Ավելի վաղ Aysor.am-ի թղթակցին գյուղապետ Խաչատուր Դավթյանը հայտնել է, որ իրենց գյուղում օրեր առաջ հայտնված «ուրվականին» փնտրել են ողջ գիշեր, սակայն չեն գտել: Նրա խոսքով` ոստիկանությունը ևս հերթապահություն է իրականացնում գյուղում:
Նախորդող հրապարակում՝ Ջրաշենի «ուրվականին» փնտրել են ողջ գիշեր, բայց չեն գտել