.jpg)
Գ. Ջհանգիրյանի ներկայացուցիչը փորձեց «մեղքը» լրագրողի վրա գցել
«Մատաղիսի գործով» արդարացվածներն ընդդեմ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 2-ին, կհետազոտվեն գործով գրավոր ապացույցները:
«Փաստինֆոյի» փոխանցմամբ` այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, հայցվորներ՝ «Մատաղիսի» գործով արդարացվածներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը պնդեցին իրենց հայցը և նշեցին, որ պատասխանող կողմի հետ հաշտության եզրեր չեն տեսնում:
Հայցվոր կողմը պահանջում է դատարանից զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանողից հօգուտ հայցվորների բռնագանձել 600 հազար դրամ գումար՝ պարտավորեցնելով հրապարակային ներողություն խնդրել հայցվորներից, իսկ զրպարտության համար՝ «Առավոտ» և «Լրագիր» կայքէջերում հրապարակել վճռի եզրափակիչ մասը, ինչպես նաև` ճանաչել անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման փաստը:
Ապացույցների հետազոտման հաջորդականության համաձայն՝ նախ ցուցմունք տվեց հայցվոր Արայիկ Զալյանը, ով հրապարակեց նշված կայքերում տեղ գտած հոդվածները: Մասնավորապես՝ «Լրագիր» կայքին Ջհանգիրյանի տված հարցազրույցում վերջինս նշել է, որ «չնայած դատարանը արդարացրել է այդ 3 երիտասարդներին, այդուհանդերձ, ես մնում է իմ կարծիքին՝ նրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»: Իսկ «Առավոտ» կայքին տված հարցազրույցում Ջհանգիրյանն ասել է, որ «մարդասպանները պետք է նստեն բանտում, ես մնում եմ իմ կարծիքին»:
Դատարանի այն հարցին, թե հայցվոր կողմը նշված արտահայտություններից որն է համարում վիրավորական և որը զրպարտություն, Արայիկ Զալյանը նշեց, որ այդ արտահայտությունները պարունակում են և՛ զրպարտություն և՛ վիրավորանք:
Հայցվորներ Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը միացան իրենց ընկերոջը և նշեցին, որ ավելացնելու ոչինչ չունեն:
Պատասխանող կողմի ներկայացուիչի դիտարկմամբ հայցվոր կողմի մատնանշված հոդվածներում հայցվորների անունները չեն շեշտվում, ինչի հետ համաձայնելով` Արայիկ Զալյանը նշեց. «Իհարկե կոնկրետ անուններ չեն եղել, բայց «Մատաղիսի» գործ ասելով` բոլորը հասկանում են, որ դա մեր մասին է»:
Պատասխանող կողմի ներկայացուցիչը, հակադարձելով Ա. Զալյանին ասաց, որ դա ընդամենը հայցվորի ենթադրությունն է, ապա պատասխանողի ներկայացուցիչը փորձեց այլ ռազմավարությամբ առաջնորդվել՝ նշելով, որ եթե նույնիսկ այդ հոդվածներում հայցվորների անունները նշել են, ապա դրանք եղել են լրագրողի խոսքերը,այլ ոչ թե իր վստահորդի:
Գ.Ջհանգիրյանի ներկայացուցչի մոտեցմամբ` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն արտահայտելու և ազատ խոսքի իրավունք, ավելին` կոնկրետ անձի և հայցվորների անուններ չի հիշատակվել, հետևաբար հնչեցված կարծիքները չեն վերաբերում հայցվորներին: