.jpg)
Վրաստանում ձերբակալվել է «օրենքով գող» Կոկոնոն
Վրաստանի ոստիկանությունը կրկին ձերբակալել է քրեական հեղինակություն Տարիել Պոցխվերիային, ով հայտնի է Կոկոնո կամ Տարաս մականունով:
Newsru.com-ի փոխանցմամբ՝ բանտից ազատվելուց 2 շաբաթ հետո նա կրկին ձերբակալվել է վրացական ոստիկանության կողմից:
Ոստիկանության տեղեկություններով, ազատ արձակվելուց հետո Կոկոնոն կազմակերպել է «գողական սխոդկաներ», հրամաններ է տվել հանցավոր խմբավորումներին և այլն:
Տարիելին ձերբակալել են Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա ճառագայթման կուրս է անցնում:
Իրավապահները որոշել են չխոչընդոտել հիվանդի բուժմանը, սակայն նրան ոստիկան են կցել:
Նշենք, որ 54-ամյա «օրենքով գող» Տարիել Պոցխվերիան Թբիլիսիի բանտից ազատ էր արձակվել այս տարվա հունիսի 6-ին:
14 տարվա ազատազրկման դատապարտված Տարասը բանտում է անցկացրել պատժաժամկետի կեսը և ազատ է արձակվել վրացական իշխանությունների հայտարարած համաներման շնորհիվ:
Վրաստանի ՆԳՆ տեղեկություններով՝ Տարասը «օրենքով գող» է կարգվել 1986 թ.-ին և տեղափոխվելով Ուկրաինա, կազմակերպել է հանցավոր խմբավորում, որը վերահսկում էր Օդեսա և Իլյիչևսկ նավահանգիստները:
Տարասը Ուկրաինայում եկամուտներ է ստացել խաղատներից, տարբեր գործարարներից, իսկ Վրաստանի Քութայիսի քաղաքում վերահսկել է բենզալցակայանները, երթուղային գծերը, գունավոր մետաղի բիզնեսը և այլն:
«Օրենքով գողը» ակտիվ մասնակցություն է ունեցել Թբիլիսիում 2006 թ.-ի մարտին կալանավայրերից մեկում կազմակերպած անկարգություններին: Տարասը նույն թվականին ձերբակալվել է Ուկրաինայում և տեղափոխվելով Վրաստան` Թբիլիսիի դատարանի կողմից դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Դեպքերից 7 տարի անց` 2013 թ.-ին այդ կալանավայրում անկարգություններ հրահրելու մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ներքին գործերի նախկին նախաար Բաչո Ախալայային, ով այն ժամանակ զբաղեցնում էր պատիժների իրականացման վարչության պետի պաշտոնը: