.jpg)
Քաղաքաշինության ոլորտ. Խախտումներն անպակաս են
2012 թ.-ին Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ տարբեր մարզերի 16 դպրոցներում և մշակութային օջախներում: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց տեսչության ղեկավար Սոնա Ղարիբյանը:
Նա նաև նշեց, որ արձանագրվել են հսկիչ չափագրումներով նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրություններով խախտումներ. Վերականգնվել է 51 մլն դրամ: Կապալառուներից մեկն, ըստ բանախոսի, ստացել է «կլորիկ գումար» և չկատարելով աշխատանքները` անհետացել, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:
Նաև հայտնաբերվել են ոչ նպատակային, անարդյունավետ, անորակ աշխատանքներ, առանձին դեպքերում հաշվի չեն առնվել շենքերի տեխնիկական վիճակն ու վնասվածության աստիճանը և աշխատանքները հիմնականում սկսվել են առանց շենքերի տեխնիկական վիճակի ու վնասվածության աստիճանի վերաբերյալ համապատասխան սեյսմիկ մարմնի եզրակացության:
Սոնա Ղարիբյանը հաղորդեց, որ 2 գործ ուղարկվել է դատախազություն, հարուցվել են քրեական գործեր, մեղադրանք է առաջադրվել չորս անձի նկատմամբ, ամբողջությամբ վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառած վնասը, իսկ քրեական գործերը երեք մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններ: