.jpg)
Ի՞նչ կտա ռուսական զենքը Ադրբեջանին
Վերջին օրերին լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է մինչև 1 միլիարդ դոլար արժողությամբ զենք վաճառել Ադրբեջանին: Թեմայի առնչությամբ Aysor.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանի հետ:
Այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է մատակարարում, մեզ համար վաղուց արդեն նորություն չէր: Հայկական փորձագիտական դաշտում դրա մասին ակտիվորեն խոսվում էր դեռ 2008 թ.-ից: «Այս մատակարարումներն էլ մեծ հաշվով սպասելի էին, այդ մասին ևս եղել էին որոշակի ակնարկներ: Թե դա ինչ է նշանակում ռազմավարական դաշնակցի նկատմամբ, թե դրանից ինչ գործնական և հեռանկարային օգուտներ ունի Ռուսաստանը, այլ հարց է, դրա գնահատման պակասը չի զգացվում: Մենք խոսենք այն մասին, թե դա ինչ տվեց Ադրբեջանական բանակին»,- սկսեց փորձագետը:
Այն ինչ ստացել է ադրբեջանական կողմը ցամաքային զորքերի համար, ըստ փորձագետի, մեծ հաշվով մեկ զորամիավորման համար անհրաժեշտ միջոցներ են` մինչև մեկ դիվիզիա: Այդ միջոցները Ադրբեջանը փորձում էր գնել նախ Թուրքիայից, ապա՝ նաև այլ երկրներից: Ըստ էության, Ռուսաստանը շտապեց հնարավորությունը չկորցնել, մանավանդ, երբ թուրքական և իսրայելական հրետանային միջոցների մատակարարումը այս կամ այն պատճառով տապալվեց»,- բացատրեց Ա. Գրիգորյանը:
Ըստ նրա՝ հատկանշական է նաև այն, որ այդ զենքի քանակը կազմում է Ադրբեջանի՝ արդեն ունեցած զինամթերքի մեկ տասներորդը: Այսինքն՝ ադրբեջանական բանակի սպառազինության հարաբերականորեն նորագույն տեսականին ընդամենը 10 տոկոսն է: Սա, բնականաբար, նշանակում է, որ նորագույն զինտեխնիկան ադրբեջանական բանակում շատ քիչ է, ինչը բազում խնդիրներ է ստեղծում:
«Դրանով հանդերձ պետք չէ ինքներս մեզ խաբենք, որ Ադրբեջանը պատերազմի չի գնա: Նրանք այսօր պատրաստվում են դրան, պատրաստվում են հետևողականորեն և երկու առանձին ուղղությամբ: Առաջինը և մշտականը մնում է հեռահար միջոցներով հայկական ռազմավարական ունեցվածքը շարքից հանելու ցանկությունը: Դրա համար են գնում ավելի ու ավելի մեծ միջոցներ, հեռահար միջոցներ, մեծ տրամաչափի հրետանի, և այս գնումների մեջ էլ «Սմերչ» և «Մստա-Ս» ինքնագնաց կայանքները ևս դրա համար են: Ընդհանուր առմամբ նման միջոցներ նրանք ունեին բավականին շատ, սակայն «Ակացիա» և «Գվոզդիկա» հրետանային կայանքները, ըստ էության, ավելի շատ մարտավարական խնդիրներ են լուծում և խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար այնքան էլ հարմար չեն: Սա հիմնական ուղղությունն է, սակայն նրանք ամեն դեպքում պատրաստվում են նաև ճեղքման: Պաշտպանական բնագծերի ճեղքման, որի համար էլ գնում են տանկեր, ծանր հրանետներ ու այլ միջոցներ, որոնք հենց դրա իրականացման գործիքներն են:
Սակայն խորը էշելոնացված ամրաշինական բնագծերի հաղթահարումը, բարդագույն խնդիր է, որը աշխարհում քչերին է հաջողվել հաղթահարել, այն էլ` այնպիսի գնով, որ չափազանց թանկ է»,- բացատրեց փորձագետը:
Ըստ Ա. Գրիգորյանի՝ հայկական կողմը ցանկացած սցենարի դեպքում ունի հակահարվածի չափազանց գործուն հնարավորություններ: Առաջին դեպքում ուղղակի նույն ադրբեջանական ռազմավարական օբյեկտներին հարվածելու օրեցօր մեծացող քանակական միջոցներ: Ընդ որում՝ ոչ թե խաղաղ բնակչությանը, ինչպես Ադրբեջանը, այլ զուտ ռազմական օբյեկտներին: «Երկրորդ դեպքում, ցանկացած բնագծի վրա արնաքամ անելու և կանգնեցնելու միջոցները ավելի քան բավարար են: Այսօր հայկական բանակը համազորային ստորաբաժանումներում հակատանկային և այլ ձեռքի այլ օժանդակ զենքերի քանակով ռեկորդային մակարդակ ունի»,- եզրափակեց փորձագետը: