Հագվի համայնքում 40-45 խոզ է անկել
19/06/2013 21:22

Հագվի համայնքում 40-45 խոզ է անկել

Լոռու մարզի Հագվի համայնքում արձանագրվել է պաստերելյոզ հիվանդությունից 40-45 խոզի անկում: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահապնության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ անկած խոզերը պատկանում են 3 սեփականատերերի: «Նրանք են մեղավոր»,- ասաց Գրիգոր Հակոբյանը և հավելեց, որ գյուղացիները խոզերին բաց են թողնում անտառներ, որտեղ էլ կենդանիները տարբեր հիվանդություններով են վարակվում:

Լոռու գյուղվարչությունը տեղեկատվությունը տրամադրել է Սննդի անվտանգության պետական ծառայությանը, ծառայության աշխատակիցները փորձանմուշներ են վերցրել և ուղարկել լաբորատորիա:

Գրիգոր Հակոբյանը տեղեկացրեց, որ պաստերելյոզ հիվանդությունը ներառված չէ պետպատվերի շրջանակներում իրականացվող ներարկումների ցանկում, այդ իսկ պատճառով կասկածելի կենդանիների համար սեփականատերերը գնում են դեղամիջոցը, իսկ անասնաբույժը ներարկում է:

Լոռու մարզպետարանի ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ Հագվի գյուղից հեռու տարածք է տրամադրվել, որպեսզի անկած խոզերին հողին հանձնեն, իսկ միսը սննդի մեջ օգտագործման ենթակա չէ:

Գյուղի բնակչության զգուշացրել են վարակի վերաբերյալ, նաև կանխարգելիչ միջոցառումներ են կատարվում:

Նշենք, որ Սննդի անվտանգության տեսչության տարածած հաղարդագրության մեջ նշված էր ընդամենը 11 խոզագլխաքանակի անկման վերաբերյալ տեղեկատվություն: