Մարմնավաճառները խուսափում են դատարանից
19/06/2013 20:16

Մարմնավաճառները խուսափում են դատարանից

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց մի շարք մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ գործով դատաքննությունը։

Ըստ ամբաստանյալ Ռուբեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքի, նա Երևանում մարմնավաճառությամբ զբաղվող 4 կանանց հետ ծանոթանալուց հետո, պայմանավորվածության համաձայն, 2012թ. մարտից մինչև 2013թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար կազմակերպել է վերջիններիս ինտիմ հանդիպումներն արտերկրից Հայաստան ժամանած իր սիրիահայ հայրենակիցների հետ, և յուրաքանչյուր դեպքով հաճախորդ ապահովելու ծառայության դիմաց մարմնավաճառներից որպես միջնորդավճար ստացել է 10.000-15.000-ական ՀՀ դրամ: Այդպիսով ամբաստանյալն, ըստ մեղադրանքի, երկու և ավելի անձանց օգտագործելով՝ նպաստել է կանանց պոռնկությամբ զբաղվելուն։

Այսօր դատարանում հրապարակվեցին մեղադրանքը հաստատող հիշյալ 4 մարմնավաճառների նախաքննական ցուցմունքները: Նախաքննության ժամանակ նրանցից յուրաքանչյուրի ու ամբաստանյալի միջև առերես հարցաքննության ընթացքում կանայք պնդել էին իրենց այդ ցուցմուքները, իսկ առերեսվող Ռուբեն Մանուկյանը հաստատել՝ որ կանայք ճիշտ են ասում: Ի դեպ, ամբաստանյալը դատարանում էլ է ընդունել մեղադրանքը: Վկաների նախաքննական ցուցմուքները հրապարակվեցին՝ նրանց դատարան չներկայանալու պատճառով՝ նրանք փոխել էին իրենց բնակության հասցեները, իսկ նոր հասցեները անհնարին է եղել ճշտել: Իսկ վկաներից մեկն անգամ հեռախոսային խոսակցության ընթացքում հրաժարվել էր դատարանի աշխատակազմի ներկայացուցչին հայտնել իր բնակության նոր հասցեն և անգամ հայտարարել էր, որ հրաժարվում է ցուցմուքներ տալուց:

Դատարանն արձանագրեց, որ վկայի՝ ցուցմունք տալուց հրաժարումը քրեորեն հետապնդելի արարք է, և կողմերը կարող են դիմել փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցով: Պաշտպանական կողմը ներկայացրեց ամբաստանյալին ու նրա ընտանիքին առնչվող տեղեկանքներ, մասնավորապես, առ այն, որ ամբաստանյալն ունի 7-ամյա դուստր, երկրորդ երեխան շուտով կծնվի, և ամբաստանյալը բնակության վայրում դրական է բնութագրվում: Հունիս 24-ի դատական նիստում կսկսվի դատական վիճաբանությունների փուլը՝ ճառով հանդես կգա մեղադրող կողմը: 

Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Մարմնավաճառները խուսափում են դատարանից