«Արմենիա» ջերմանավի որոնումները կվերսկսվեն. Պատմություն նավ-ուրվականի մասին
21/06/2013 21:33

«Արմենիա» ջերմանավի որոնումները կվերսկսվեն. Պատմություն նավ-ուրվականի մասին

Այս տարվա օգոստոսին ստորջրյա ուսումնասիրությունների Սևծովյան կենտրոնը հերթական անգամ կձեռնարկի որոնողական աշխատանքներ «Արնենիա» ջերմանավի մնացորդները գտնելու համար: Այս մասին գրում է lenta.ru-ն: Բանն այն է, որ այս ջերմանավը հազարավոր ուղևորներիով ջրի տակ է անցել դեռ 1941թ.-ին: Ջերմանավի հատվածները գտնելու համար նախկինում ևս բազմաթիվ փորձեր են ձեռնարկվել, ընդ որում, ամեն անգամ հայտարարվել է, որ ջերմանավը վերջապես գտնվել է: Ավելի ուշ պարզ է դարձել, որ դա «Արմենիան» չէ:

Առևտրա-ուղևորատար «Արմենիա» ջերմանավը կառուցվել էր 1928 թ.-ին, Լենինգրադի Բալթյան գործարանում: 1941թ.-ի նոյեմբերի 6-ին, ժամը 17.00-ին ջերմանավը նավարկության է մեկնում Սեվոստոպոլից: Նավի վրա այդ պահին գտնվում էր 4500-5000 մարդ` հիմնականում զինվորական հոսպիտալների անձնակազմն ու հիվանդները: Ի սկզբանե, սակայն, ջերմանավը նախատեսված էր 1000 ուղևորի համար: Նավարկության վերջնական կետը պետք է լիներ Տուապսեն:

Բայց մինչև վերջնակետին հասնելը ջերմանավին հրամայված էր կանգառ անել Յալտայում, իսկ հետո նաև Բալակլավայում, իբրև թե նոր վիրավորներ ու բժիշկներ նավի վրա վերցնելու համար: Այլ վարկածով` կանգառները տվյալ քաղաքներից թանկարժեք իրերն ու ոսկին տանելու նպատակ ունեին: Մեկ այլ` պակաս ճշմարտանման վարկածի համաձայն, «Արմենիա» ջերմանավով տեղափոխվում էր նորագույն ատոմային զենք:

Յալտայում ջերմանավը կանգառ է անում գիշերը ժամը երկուսի սահմաններում: Մինչև լուսաբաց նավն ընդունում էր նոր վիրավորներ ու ռազմական բժիշկներ: Արդեն առավոտյան ջերմանավի կապիտանը հրաման է ստանում, մինչև մթնշաղ դուրս չգալ բաց ծով, սակայն հրամանը նրա կողմից չի կատարվում…

Ահա այստեղ պատմությունը հարց է տալիս` ի՞նչու «Արմենիայի» կապիտան Վլադիմիր Պլաուշևսկին նախընտրում է չենթարկվել իրեն տրված հրամանին ու բաց ծով դուրս գալ ցերեկային ժամին: Ոմանց կարծիքով, քաղաքի նավահանգիստը լքելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ քաղաքը չուներ համապատասխան հակաօդային պաշտպանությունը և նավահանգստում կայանված նավը հստակ թիրախ էր թշնամու օդուժի համար:

Այնուամենայնիվ, ուղևորներով գերբեռնված նավը, որոնց մեծ մասը վիրավոր էին, ջրի տակն անցավ ընդամենը 4 րոպեում: Նավի վրա գտնվող 5000 ուղևորներից ողջ մնացին միայն 7-8 ուղևոր (անգամ «Տիտանիկի» դեպքում զոհերի թիվը երեք-չորս անգամ ավելի քիչ էր):

Աղետի պաշտոնական պատճառների մասին կարելի է կարդալ «Հերոսական Սեվոստոպոլ» գրքում, որի հեղինակը քաղաքի ինքնապաշտպանությունը կազմակերպած Պյոտր Մորգունովն է: Գրքում մասնավորապես կարդում ենք.

«Նոյեմբերի 6-ին Սեվոստոպոլից դուրս եկավ սանիտարական տրանսպորտ` «Արմենիա» ջերմանավը: Այն ուղևորվեց Յալտա, որտեղից էլ նոյեմբերի 7-ին շարժվեց Կովկասի ուղղությամբ: Նույն օրը ժամը 11:25-ին ջերմանավը ենթարկվեց օդային հարձակման ֆաշիստական ուժերի կողմից: Սա տեղի ունեցավ չնայած նրան, որ նավի վրա կային բժշկական տարբերանշաններ: 4 րոպե անց ջերմանավն ամբողջությամբ ջրի տակ անցավ»:

Հետաքրքիր է, որ արդեն 1949 թվականին ջերմանավի աղետի վերաբերյալ գործը հեռացվել ու ոչնչոցվել է ռազմածովային արխիվից: Ոչինչ հայտնի չէ նաև այն օդաչուների մասին, որոնք կարող էին մասնակցել «Արմենիայի» վրա տեղի ունեցած հարձակմանը: Փաստացի ո'չ խորհրդային, ո'չ գերմանական արխիվներում, նավի կործանման մասին չկան արխիվային տվյալներ: 

Նշենք, որ մինչ այսօր չի հայտնաբերվել կործանված ջերմանավից և ոչ մի հատված: 

«Արմենիա» ջերմանավի որոնումները կվերսկսվեն. Պատմություն նավ-ուրվականի մասին