.jpg)
Ասկերանում խելագարված զինվորի մոտ եղել է նախատրամադրվածություն. Հոգեբույժ
Ասկերանի զորամասում խելագարված ժամկետային զինծառայող Հովհաննես Վարդանյանն ունեցել է շիզոֆրենիայի նախատրամադրվածություն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հովհ. Վարդանյանի հոգեբույժ Ա. Բակունցը:
«Դա սկսվել է, որովհետև պետք է սկսվեր: Մենք կարող ենք դա կապել որոշ դեպքերի հետ, բայց ամեն դեպքում միշտ կարող էր մի բան լիներ, որի հետևանքով նրա մոտ ի հայտ գար այդ հիվանդությունը, ես այդ մասին ասել եմ նաև նրա հորը»,- ասաց նա:
Հոգեբույժի խոսքով` հիվանդությունը հետևողական բուժում է պահանջում, և Հովհաննեսը հիմնական բուժման կուրսը անցնելուց հետո՝ ողջ կյանքում պետք է որոշակի դեղեր օգտագործի:
«Այն նման է շաքարախտի: Հիվանդը պետք է ողջ կյանքում որոշակի դեղեր ընդունի, որ շաքարը չբարձրանա: Բուժման հիմնական փուլը անցնելուց հետո պետք է ընտրվի դեղերի որոշակի չափաբաժին, որը ընդունելով՝ նա իրեն լավ կզգա, կկարողանա աշխատել, սովորել, ամուսնանալ»,- ասաց նա:
Հոգեբույժը նշեց, որ հստակ չգիտի՝ արդյոք Հովհաննեսի մոտ առկա է հիվանդության ժառանգական նախատրամադրվածություն, թե ոչ:
«Ես չգիտեմ, նախկինում նրա մոտ նման երևույթներ եղել են, թե ոչ, բայց գիտեմ, որ բանակից հետո ինքը վատացել է, իրեն այնտեղ վիրավորել են: Առաջին օրը, որ եկել էին, բանակի միջադեպի մասին խոսել է հայրը, բայց ես միանգամից իր վիճակը տեսնելով ասել եմ, որ անհարին է, որ լրիվ սկիզբը լինի բանակը, դրանից հետո հայրը ոչ մի անգամ չի խոսացել այդ մասին»,-ասաց նա:
Արարատի զինկոմիսարիատից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ Հովհ. Վարդանյանը զորակոչվել է ընդհանուր հիմունքներով և նրա մոտ հոգեկան շեղում չի հայտնաբերվել:
Հովհ. Վարդանյանի հայրը` Վարդան Վարդանյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև զորակոչվելը իր որդին երկու անգամ է բժշկական փորձաքննություն անցել, անգամ հետո գնացել են իր դպրոց, պարզել են, որ որևէ խնդիր չի ունեցել Հովհաննեսը:
«Սպորտսմեն տղա էր, աշխատում էր գործարանում, ոչ մի խնդիր չի ունեցել: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մայրը ասեց, որ ինքը հիվանդ է, իր որդուն բանակ տարան: Այդտեղից էլ սկսեցին այդ լուրերը»,-ասաց նա:
Նրա խոսքով` իր կինը` Անահիտ Վարդանյանը բուժքույր է, շատ լավ է սովորել ուսումնարանում, սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո դժվարությունների պատճառով սթրես է տարել:
«Կնոջս մոտ դա եղել է 6-7 տարի առաջ, ինչպե՞ս կարող էր Հովհաննեսի մոտ ժառանագական լինել: Եվ բացի այդ, այստեղ հարց է առաջանում, ո՞նց են հոգեկան խանգարում ունեցող մարդուն բանակ տարել»,- ասաց նա:
Նա նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից վերջերս իրենց զանգահարել են, ասել, որ կգնան իրենց մոտ, կայցելեն Հովհաննեսի բժշկին:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հոգեկան հիվանդություն ունեցող զինվորին բանակ չեն տանում, իսկ եթե նրա ծնողների մոտ կա հոգեկան շեղում, բայց դա նրա մոտ չի դրսևորվում, ապա նա զորակոչվում է բանակ:
Նշենք, որ Ֆեյսբուքում էջ է բացվել, որտեղ ցանկացողները կարող են գումար փոխանցել Հովհաննեսի բուժման համար:
«Ասկերանի զորամասում Հովհաննես Վարդանյանը հասցրեց ծառայել մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրեց դիրքերում: Ծառայության 14-րդ ամսին հայրը՝ Վարդան Վարդանյանը, զանգ ստացավ, որ որդին հոգեբուժարանում է:
Իրականում ընտանիքն ապրում է ծանր սոցիալական պայմաններում, Արարատ քաղաքի կիսախարխուլ, կիսավեր հանրակացարանի (որտեղ 41 ընտանիք է ապրում) երկրորդ հարկում: Աշխատում է միայն Վարդան Վարդանյանը, ստանում է 80.000 դրամ աշխատավարձ, մինչդեռ ընտանիքը պահել է պետք: Բժիշկն էլ ասել է, որ լավ կլինի տղայի բուժումը արտասահմանում շարունակել՝ ԱՄՆ-ում կամ Գերմանիայում:
Փոխանցումները կատարեք այս հաշվեհամարին՝
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ`
2474300498710020 (AMD)
2474300498710010 (USD)
(Վարդան Վարդանյան)»:
Նախորդող հրապարակում` Ասկերանում խելագարված զինվորին ՊՆ-ն 10 հազար դրամ օգնություն է խոստացել