«Մահմուդ Ահմադինեժադը երբեք Թեհրանի քաղաքապետարան չի վերադառնա»
21/06/2013 18:46

«Մահմուդ Ահմադինեժադը երբեք Թեհրանի քաղաքապետարան չի վերադառնա»

Մահմուդ Ահմադինեժադի՝ Թեհրանի քաղաքապետ դառնալու հավանականությունը հավասար է զրոյի: Այս մասին իրանական «Արիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թեհրանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Խոսրոու Դանեշջուն:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կրկին ընտրվի Թեհրանի քաղաքապետ, Թեհրանի քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանել է. «Պետք է սպասենք, որ Թեհրանի չորրորդ շրջանի ավագանին ձևավորվի, սակայն կարծում եմ, որ Մահմուդ Ահմադինեժադի՝ Թեհրանի քաղաքապետ դառնալու հավանականությունը հավասար է զրոյի»:

Նշենք, որ Մ.Ահմադինեժադը 2003-2005թթ. զբաղեցրել է Թեհրանի քաղաքապետի պաշտոնը:

Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո իրանական մամուլում հաճախ է արծարծվում այն հարցը, թե պաշտոնավարման ավարտից հետո ինչո՞վ է զբաղվելու Ահմադինեժադը:

Իրանական «թաբնաք.իռ» կայքում օրերս մի տեղեկատվություն էր հրապարակվել, որի համաձայն՝ Մահմուդ Ահմադինեժադը մտադիր է պաշտոնավարման ավարտից հետո իր թիմակիցների հետ ստեղծել մի հիմնադրամ, որը կկրի «Բահար» (գարուն) անունը: Սակայն, դեռևս հայտնի չէ, որ սույն հիմնադրամը ինչ ոլորտներում է իր գործությունեությունն իրականացնելու, սակայն Թեհրանի Վալի Ասր պողոտայում գտնվող «Վանաք» հրապարակում հիմնադրամի համար արդեն հատկացվել է չորսհարկանի մի կառույց:

Հավելենք, որ ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. օգոստոսի 2-ին: Հունիսի 14-ին Իրանում կայացան 11-րդ շրջանի նախագահական ընտրությունները: ԻԻՀ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 50 միլիոն 483 հազար 192 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 36 միլիոն 704 հազար 156 քաղաքացի (72,7%):

35 միլիոն 458 հազար 747 վավեր քվեից Հասան Ռոուհանին ստացել է 18 միլիոն 613 հազար 329 քվե (50.71%)՝ ընտրվելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ:

Մնացյալ քվեները բաշխվել են հետևյալ կերպ՝
Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ՝ 6 միլոն 77 հազար 292 ձայն (16.55%)
ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլի՝ 4 միլիոն 168 հազար 946 ձայն (11.3%)
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար (ԻՀՊԿ) Մոհսեն Ռեզայի՝ 3 միլիոն 884 հազար 412 ձայն (10.5%)
ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթի՝ 2 միլիոն 268 հազար 753 ձայն (6.1%)
ԻԻՀ նավթի նախկին նախարար Մոհամմադ Ղարազի՝ 446 հազար 15 ձայն (1.2%) 

«Մահմուդ Ահմադինեժադը երբեք Թեհրանի քաղաքապետարան չի վերադառնա»