«Լա Պրովանս»  թերթը` Լե Մինրաբո և Մարտունու միջև հռչակագրի ստորագրման մասին
21/06/2013 19:27

«Լա Պրովանս» թերթը` Լե Մինրաբո և Մարտունու միջև հռչակագրի ստորագրման մասին

Մարսելի «Լա Պրովանս» շրջանային օրաթերթում Լե-Պեն-Միրաբո քաղաքի և Ղարաբաղի շրջկենտրոն Մարտունու միջև բարեկամության հռչակագրի ստորագրման մասին հոդված է հրապարակվել:

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ «Լե-Պեն-Միրաբոյի քաղաքապետարանում ընդունելություն է կազմակերպվել՝ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի պատվին, ում երկիրը 80-ականների վերջերին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, պայքար է սկսել հանուն անկախության»:

«Այս հռչակագիրը խորհրդանշական արժեք ունի: Լեռնային Ղարաբաղն իր սեփական մշակույթն ունի և ձգտում է պետականության կերտման համար օրինական իրավունք ձեռք բերել: Մենք լիովին աջակցում ենք ինքնորոշման համար Ղարաբաղի շարժմանը: Այն հույս է ներշնչում, և Մարտունու և Լեռնային Ղարաբաղի մշակույթների ճանաչմանն ուղղված բոլոր միջոցառումները բարյացկամորեն կընկալվեն Լե-Պեն-Միրաբոյում»,- հանդիասավոր արարողության ժամանակ իր ելույթում նշել է Լե-Պեն-Միրաբոյի քաղաքապետ Միրաբո Միշել Ամիելը:

Նա Լե-Պեն-Միրաբո քաղաքի հուշամեդալով պարգևատրել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարին:

Հոդվածում նաև նշվում է, որ համաձայն ընդունված հռչակագրի՝ նախատեսվում է Լե-Պեն-Միրաբոյի և Մարտու միջև զանազան բնագավառներում համագործակցություն հաստատել: Միշել Ամիլն իր հերթին խոստացել է, որ 2014 թ. մարտին հերթական համայնքային ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում իր առաջին այցը նա կկատարի Լեռնային Ղարաբաղ:
Միջոցառման ավարտից հետո, Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել թերթին: Մասնավորապես, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի ճանաչման հեռանկարներին վերաբերող հարցին, Միրզոյանը կարծիք է հայտնել, որ վաղ թե ուշ Արցախը կճանաչվի:

«Մենք կառուցում ենք ազատ հասարակություն՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և շուկայական տնտեսության վրա, նույնիսկ եթե մեկուսացումը չի հեշտացնում այս գործընթացը: Մարդու իրավունքները պետք է գերակա լինեն մնացած ամեն ինչի համեմատ, այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները վաղ թե ուշ կճանաչվեն՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման միջոցով, մեզ հույս է ներշնչում»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ նախարարը:
 

«Լա Պրովանս» թերթը` Լե Մինրաբո և Մարտունու միջև հռչակագրի ստորագրման մասին