.jpg)
Պակիստանյան մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել
Պակիստանի Փեշարա քաղաքի արվարձանում գտնվող շիա մզկիթներից մեկում մահապարտ-ահաբեկչի գործողությունների հետևանքով 14 մարդ է զոհվել, 30-ը ստացել են ծանր վնասվածքներ: Այս մասին, հղում անելով Ալ-Ջազիրա հեռուստաընկերությանը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա» լրատվական կայքը:
Ոստիկանության տվյալներով` ուրբաթօրյա աղոթքի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել մուտքի մոտ գտնվող պահակների ուղղությամբ: Այնուհետև մտել է աղոթատեղի, որտեղ գործի է դրել պայթուցիկ սարքը:
Շուտով դեպքի վայր են ժամանել հրշեջ ու փրկարար խմբերը: Նրանք արագորեն հիվանդանոց են հասցրել վիրավորներին: Տեղական հեռուստաընկերությամբ ցուցադրել են ավերված, արնաշաղախ մզկիթի կադրեր: Պայթյունի հզոր ալիքը փշրել է դռներն ու պատուհանները, առանձին տեղերում քանդվել է առաստաղը: Առայժմ կատարված ահաբեկչության պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: