«Առանց ԼՂ հակամարտության լուծման Հրվ. Կովկասում կայունություն չի հաստատվի»
21/06/2013 21:02

«Առանց ԼՂ հակամարտության լուծման Հրվ. Կովկասում կայունություն չի հաստատվի»

Այսօր  Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպումից հետո Հերման Վան Ռոմպեյի հայտարարել է, որ կողմերը քննարկել են ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարը, Արևելյան գործընկերության, Հարավային գազի միջանցքի հետ կապված հարցերը:

Հերման Վան Ռոմպեյն անդրադարձել է նաև 2013 թ.-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին՝ հույս հայտնելով, որ այս ընտրությունները կանցկացվեն բարձր չափանիշներին համապատասխան:

«Մենք, վերջապես, քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Ես շեշտեցի, որ ԵՄ-ն գտնում է, որ Հարավային Կովկասում չի կարող հաստատվել կայունություն՝ առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծման: Մենք շարունակելու ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին»,- ասել է Հերման Վան Ռոմպեյը:

Ռոմպեյը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը նաև իր աջակցությունն է հայտնել օրեր առաջ G8-ի շրջանակներում Էնիսկիլենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությանը, որին մասնակցում էր նաև ինքը՝ Եվրոպայի խորհրդի նախագահը:

«Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հորդորում են բոլոր կողմերի ղեկավարներին՝ հավատարիմ լինել Հելսինկյան սկզբունքներին, հատկապես նրանց, որոնք կապված են ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ: Նրանք կոչ են անում խուսափել այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է լարվածություն առաջացնել տարածաշրջանում և հանգեցնել հակամարտության սրացմանը:

Ես ևս վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ ընդլայնել առկա միջոցները՝ ուղղված հակամարտության կողմերի միջև աճող ջրբաժանը հաղթահարելու համար»,- ասվում է Հերման Վան Ռոմպեյի հայտարարության մեջ:

 

«Առանց ԼՂ հակամարտության լուծման Հրվ. Կովկասում կայունություն չի հաստատվի»