Ի՞նչ է կատարվել քաղաքապետարանում. Տուրբո-Ամյան միջադեպի հետքերով
22/06/2013 16:56

Ի՞նչ է կատարվել քաղաքապետարանում. Տուրբո-Ամյան միջադեպի հետքերով

«2009-ից, ինչ առաջին անգամ ընտրվել եմ Երևանի ավագանու անդամ, և Արսեն Ամյանը նշանակվել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ, մենք այդ ժամանակվանից շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք եղել և մինչև այսօր նման հարաբերությունների մեջ ենք: Հետևաբար` մեր միջև չէր կարող ինչ-որ միջադեպ լինել»,- Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով մամուլի հրապարակումը, թե մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետարանի միջանցքում իր և քաղաքապետարանի վարչության պետի միջև ընդհարում է եղել, ասաց Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանը (Տուրբո):

Ա. Պապայանը նկատեց, որ նույնիսկ ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն չի եղել ավագանու մյուս անդամների կամ որևէ վարչության պետի հետ. «Բայց իմ ու պարոն Ամյանի մեջ դաժը նման բան չի եղել»:

ՀՀԿ-ական անդամն ասաց նաև, որ հերքում է պահանջելու այն լրատվամիջոցից, որը նման հրապարակում է արել. «Ես հիմա չեմ տիրապետում, թե առաջինը ո՞ր լրատվամիջոցն է տպել նման թյուրիմացություն, բայց միանշանակ հերքում եմ պահանջելու»: 

Նա ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ նման ընդհարում չի եղել և չէր էլ կարող տեղի ունենալ:

Նշենք, որ ավագանիում Aysor.am-ի հավաստի աղբյուրների տեղեկություններով, ապրիլին Ավագանու հերթական նիստից հետո միջադեպ, այնուամենայնիվ, եղել է, սակայն` հակառակ պատկերով: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ՀՀԿ ավագանու անդամ Ա. Պապայանը քաղաքապետարանի միջանցքում իրեն, մեղմ ասած, չափազանց ակտիվ է պահել, իսկ քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանն էլ ստիպված է եղել միջամտել և կարգի հրավիրել Պապայանին: Բանը հասել է նրան, որ Պապայանին դուրս են հրավիրել քաղաքապետարանի շենքից: Մեր աղբյուրի տեղեկությունների համաձայն` միջադեպի ժամանակ Ամյանը նույնիսկ հարվածել է իրենց նվազ կազմվածք ունեցող Տուրբոյին: 

Ի՞նչ է կատարվել քաղաքապետարանում. Տուրբո-Ամյան միջադեպի հետքերով