.jpg)
Իրանը պատրաստ է բանակցել ուրանի 20 % հարստացման դադարեցման շուրջ
«Միջուկային ծրագրի հարցով «5+1» խումբն իր առաջարկություններն Իրանին կներկայացնի Հասան Ռոուհանիի երդմնակալությունից հետո»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը «Ասոշիեյթիդ փրեսին» տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին, մասնավորապես նշել է. «Իրանը պատրաստ է ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքների դադարեցման շուրջ բանակցել «5+1» խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հետ: Այդ մասին Իրանը առաջարկությամբ է հանդես եկել դեռևս նախագահական ընտրություններից առաջ»:
Հավելենք, որ ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին օրերս կայացած իր առաջին մամլո ասուլիսի ընթացքում, չարդարացված և անարդար որակելով միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, նշել է, որ միջուկային ծրագրի հարցում Իրանը պատրաստ է ցուցաբերել մեծ թափանցիկություն:
«Ներկա դրությամբ Իրանը պատրաստ չէ դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները: Մեր միջուկային ծրագրերը ամբողջությամբ թափանցիկ են: Սակայն մենք պատրաստ ենք ցուցաբերել էլ ավելի մեծ թափանցիկություն, որպեսզի միջազգային հանրությունը համոզվի, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ամբողջությամբ գործում է միջազգային իրավունքին համապատասխան»,- ընդգծել է Հասան Ռոուհանին:
Նկատենք, որ ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման ժամկետը լրանում է օգոստոսի 2-ին: Հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նախագահ ընտրվեց բարեփոխական թեկնածու Հասան Ռոուհանին՝ ստանալով 18 միլիոն 613 հազար 329 քվե (50.71%):