Կրեմլը երես է թեքել Իլհամ Ալիևից, ինչպես ժամանակին` Սադամ Հուսեյնից
22/06/2013 16:28

Կրեմլը երես է թեքել Իլհամ Ալիևից, ինչպես ժամանակին` Սադամ Հուսեյնից

Ադրբեջանի իշխանության որոշ խմբեր փորձում են այնպիսի կարծիք ստեղծել, թե, իբր, Իլհամ Ալիևն արևմտամետ է, և նույնիսկ այն աստիճանի, որ Ալիևին իր պաշտոնում մնալու համար Օբաման Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությունն է խնդրել: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:

Թերթը նկատում է, որ այս ամենը լուրջ մարդկանց մոտ միայն ծիծաղ է առաջացնում, սակայն նման կարծիք ստեղծելուն ուղղված ջանքերն ապացուցում են, որ Ադրբեջանի գործող ռեժիմը չի ցանկանում կորցնել իր իշխանությունը: Ըստ թերթի, Արևմուտքն անտեսում է Ալիևին, և գործող պաշտոնյաները չեն մեկնում Բաքու: Փոխարենը, Իլհամ Ալիևի հրավերով Ադրբեջան են ժամանում արևմտյան երկրների նախկին պաշտոնյաներ, որոնք նրա հասցեին մի քանի գովասանքի խոսքեր ասելու դիմաց մեծ գումարներ են ստանում: Սակայն, նրանցից շատերը, վերադառնալով իրենց երկրներ, քննադատության են ենթարկում Ալիևի ռեժիմը: Այսպես, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը Ալիևի ռեժիմին մարդու իրավունքների ոտնահարման մեջ մեղադրելու պատճառով հարկադրված եղավ Ադրբեջանի կառավարությանը վերադարձնել Բաքվում կարդացած իր դասախոսության վարձը:

«Հեյդար Ալիևը նույնպես օգտվում էր նախկին պաշտոնյաներից: Իշխանությունը ձեռք բերելու առաջին տարիներին նա հանդիսավորությամբ ընդունում էր անգամ այլ երկրների ոչ կառավարական կազմակերպությունների նախկին ղեկավարներին` դրանով ցանկանալով ցույց տալ, թե իբր արտասահմանում իրեն աջակցում են: Իլհամ Ալիևն էլ է նույն քայլերը կատարում, բայց տարբերությունն այն է, որ նա Հեյդար Ալիևի եկած ճանապարհով միայն հետ է գնում: Հոր` իշխանության գալու ժամանակ արածը նա անում է իշխանությունից գնալու ժամանակ»,- նշում է թերթը:

Թերթն անդրադարձել է նաև Կրեմլի հետ Ալիևի հարաբերություններին: «Ադրբեջանի ժողովուրդը չի մոռացել, որ Մոսկվան և 2003 թ-ին, և 2005 թ-ին պաշտպանեց Իլհամ Ալիևին: Բայց այժմ Կրեմլը դա չի անում, և չի էլ անելու, ինչից Իլհամ Ալիևն ու իր խումբը խիստ անհանգստացած են»,-գրում է թերթը:

Նյութում նշվում է նաև, որ Կրեմլը երես է թեքել Իլհամ Ալիևից, ինչպես դա արեց Սադամ Հուսեյնի, Մուամար Քադաֆիի նկատմամբ: «Կրեմլի համար Ադրբեջանի իշխանությանը պաշտպանելն ավելի մեծ կորուստ է»,-նշում է թերթը:

Կրեմլը երես է թեքել Իլհամ Ալիևից, ինչպես ժամանակին` Սադամ Հուսեյնից