.jpg)
Բրեստի պաշտպանության հերոսներից. Սամվել Մաթևոսյան
Հայրենական պատերազմի ամենահերոսական էջերից մեկի` Բելառուսի տարածքում գտնվող Բրեստի ամրոցի պաշտպանությանը մասնակցել են նաև բազմաթիվ հայորդիներ, որոնք իրենց անունները անմահացրեցին այսօր Բրեստի ամրոցի տեղում գործող հուշահամալիրի հերոսների պատվանդանին:
1941թ.-ի հունիսի 22-ին պատերազմի առաջին օրը գերմանական 45-րդ հետևակային դիվիզիան, որը կազմված էր 17.000 զինվորից, գրոհեց Բրեստի ամրոցը, որտեղ տեղակաված էին խորհրդային 9.000 զինվորներ, չհաշված զինվորների 300 ընտանիքներ:
Բրեստի ամրոցի պաշտպանությունը համարվում է հերոսության խորհրդանիշ, քանի որ շատ զինվորներ մարտնչել են մինչև վերջին փամփուշտը և մահը գերադասել են գերությունից:
Ֆաշիստները դաժան մարտերից հետո մտնելով Բրեստի ամրոց՝ պատերին հայտնաբերել են շատ դեպքերում արյունով արված գրառումներ. «Մահանում եմ, բայց չեմ հանձնվում»:
Բրեստի ամրոցի ամենահայտնի պաշտպաններից է Սամվել Մաթևոսյանը, ով պատերազմը դիմավորել էր Բրեստի ամրոցում` 6-րդ հրաձգային դիվիզիայում:
Մաթևոսյանը ֆաշիստների դեմ մարտնչել է Բրեստի ամրոցի Խոլմսկի դարպասներ կոչվող հատվածում, որտեղ տեղի են ունեցել ամենաթեժ մարտերը:
Սամվել Մաթևոսյանը Բրեստում 1941թ.-ի հունիսի 22-ին կազմակերպել և գլխավորել է առաջին հակահարձակումը ֆաշիստների դեմ: Բրեստի ամրոցի պաշտպանության 3-րդ օրը Մաթևոսյանը ոտքից ծանր վիրավորվել է և մնացած վիրավորների հետ տեղափոխվել է ամրոցի նկուղներից մեկը, որտեղ էլ Բրեստի ամրոցի գրավումից հետո գերեվարվել է:
Նույն թվականի աշնանը, երբ նրա ոտքի վերքը սպիանցել է նա ընկերների հետ միասին փախչում է Բրեստ քաղաքի մոտ գտնվող գերմանական համակենտրոնացաման ճամբարից և միանում Բելառուսում գործող պարտիզանական ջոկատներին:
Մաթևոսյանը պատերազմի ավարտական փուլում մասնակցել է Բեռլինի և Պրահայի գրավման օպերացիաներին:
Բեռլինում Մաթևոսյանը Ռեյխսթագի պատին` Բեռլինի գրավումից հետո թողնում է կարճ գրառում`«Ես Բրեստից եմ. Սամվել Մաթևոսյան»:
1957թ.-ին Բրեստի ամրոցի պաշտպանության համար արժանացել է Կարմիր աստղի շքանշանի: