Փորձագետ. Իվանիշվիլին կգնա միայն այն ժամանակ, երբ Սաակաշվիլին նախագահ չլինի
24/06/2013 21:27

Փորձագետ. Իվանիշվիլին կգնա միայն այն ժամանակ, երբ Սաակաշվիլին նախագահ չլինի

Վերջին օրերին Վրաստանում լայն քննարկման թեմա է դարձել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունն այն մասին, որ աշնանը պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից: Թեմայի շուրջ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ:

- Ի՞նչով էր պայմանավորված հենց այս պահին Բիձինա Իվանիշվիլիի վերոնշյալ հայտարարությունը, և արդյոք նա կհեռանա՞  քաղաքականությունից:
- Իրականում ոչ մի նոր բան տեղի չի ունեցել: Բոլորին հայտնի է, որ Իվանիշվիլին, դեռևս մինչև մեծ քաղաքականության մեջ մտնելը, իր առաջին հրապարակային նամակում հայտարարել էր, որ գալիս է քաղաքականություն՝ երկու-երեք տարի հետո այն թողնելու ակնկալիքով, և հետագայում ևս՝ նաև արդեն որպես վարչապետ, նա բազմիցս այդ մասին հայտարարել է:

- Ինչո՞վ է այդ դեպքում պայմանավորված նման իրարանցումը, քանի որ այդ հայտարարությունը լայն քննարկման թեմա է դարձել Վրաստանում:
- Կարծում եմ պատճառն այն է, որ այս անգամ նա հստակեցրել է իր՝ քաղաքականությունից դուրս գալու ժամկետը, այն է՝ նախագահական ընտրություններից հետո, այսինքն՝ երբ Միխեիլ Սաակաշվիլին այլևս չի լինի երկրի նախագահ: Իվանիշվիլին նաև շեշտել է, որ մնալու է երկրում և ոչ մի դեպքում չի հեռանալու Վրաստանից, ինչը նշանակում է, որ նա անուղղակիորեն մասնակից է լինելու քաղաքական զարգացումներին, և չի բացառվում նաև, որ նա հետագայում իր դերը կունենա քաղաքական որոշումների կայացման գործում, քանի որ, իմ կարծիքով, Իվանիշվիլի ղեկավարած «Վրացական երազանք» կոալիցիան դեռ կշարունակի մնալ իշխանության գլուխ: Իսկ ինչ վերաբերում է նախագահական ընտրություններից հետո նրա՝ քաղաքականությունից հեռանալուն, ապա ասեմ, որ եթե դա տեղի չունենա աշնանը, ապա ամենայն հավանականությամբ վարչապետը դա կանի մինչև տարեվերջ, քանի որ 2014 թ. հունվարից ուժի մեջ է մտնելու նոր օրենք, ըստ որի` ԵՄ քաղաքացիները այլևս չեն կարողանա Վրաստանում զբաղեցնել ղեկավար պաշտոններ, իսկ Իվանիշվիլին Ֆրանսիայի քաղաքացի է և չունի Վրաստանի քաղաքացիություն:

- Իսկ այդ դեպքում ի՞նչն է խանգարում Իվանիշվիլիին դառնալ Վրաստանի քաղաքացի:
- Խանգարող հանգամանք, կարծում եմ, չկա. ստանալով Վրաստանի քաղաքացիություն և լինելով միևնույն ժամանակ Ֆրանսիայի քաղաքացի` նա նույնպես կզրկվի Վարչապետի պաշտոնից, քանի որ գործող օրենսդրությամբ երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող զբաղեցնել նշված պաշտոնը: Սակայն պետք է նշել, որ ներկայումս Վրաստանի խորհրդարանում քննարկումներ են գնում երկքաղաքացիներին պաշտոններ զբաղեցնելու հնարավորություն ընձեռելու հարցի շուրջ: Այնպես որ, չի բացառվում նաև, որ Իվանիշվիլին նորից վերադառնա իր պաշտոնին, հատկապես, եթե նա չկարողանա իրեն արժանի փոխարինող գտնել, և հասարակությունը պահանջի նրա վերադարձը: 

Փորձագետ. Իվանիշվիլին կգնա միայն այն ժամանակ, երբ Սաակաշվիլին նախագահ չլինի