.jpg)
Ադրբեջանը էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու ծրագրեր ունի
Ադրբեջան-2020 ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանի հասարակական, տնտեսական զարգացման տեսլականը մոտակա 20 տարիների համար ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դեռևս 2012թ.-ին:
Տվյալ փաստաթուղթը, որը պետք է իրականացվի ադրբեջանական տարբեր նախարարությունների և ծառայությունների կողմից փորձ է նախանշել այդ երկրի զարգացման հեռանկարը առաջիկա տարիների համար:
Փաստաթուղթը ներառում է ինչպես սոցիալ-տնտեսական, մշակութային, առողջապահական, էներգետիկ-տրանսպորտային, այնպես էլ քաղաքացիական, քաղաքական ոլորտների բարեփոխումներ:
Ադրբեջան-2020 ռազմավարության մեջ կառանձնացնենք մի քանի կարևորագույն կետեր, որոնց իրականացման ուղղությամբ կարծես թե որոշակի զարգացումներ արդեն իսկ նկատելի են դառնում:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դառնա Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքների խաչմերուկ և տարածաշրջանում տարանցիկ կարևորագույն օղակ:
Տարանցիկ և էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու համար Ադրբեջանը նախատեսում է մոտակա տարիների ընթացքում արդիականացնել երկաթգիծը, ավտոճանապարհները բերել միջազգային չափորոշիչներին, Կասպից ծովի ափին կառուցել նոր միջազգային առևտրային Ալյաթ նավահանգիստը, ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կառուցել նոր համալիր և օդանավակայանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի:
Նշենք, որ Ալյաթ նավահանգիստը կառուցվում է Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթ ավանում:
Նախատեսվում է առևտրային նավահանգստի շինարարությունը ավարտին հասցնել մի քանի տարիների ընթացքում:
Ալյաթ նավահանգիստը պետք է ընդունի 11 միլիոն տոննա բեռ և նավահանգստի կառուցմամբ Ադրբեջանը կփորձի տարանցիկ կենտրոնի դեր խաղալ մերձկասպյան երկրների, առաջին հերթին իրենց ապրանքները Եվրոպա և Թուրքիա արտահանել ցանկացող Ղազախստանի և Թուրքմենստանի համար:
Ադրբեջանը մինչ այդ հայտարարել էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկագծի շինարարությունից հետո այդ տրանսպորտային միջանցքը մերձկասպյան երկրներին որպես տարանցման ուղի տրամադրելու ցանկության մասին:
Այսօր Ադրբեջանի և Վրաստանի միջև գործող տրանսպորտային-կոմունիկացիոն հնարավորությունների շնորհիվ ղազախական նավթը Աքթաու նավահանգստից տեղափոխվում է մինչև Բաքու` այնտեղի երկաթգծով մինչև Բաթումի և Փոթի սևծովյան նավահանգիստներ:
Էներգակիրներ արտահանող երկրից բացի, ըստ Ադրբեջան-2020 ռազմավարության, այդ երկիրը ցանկանում է դառնալ նաև տարանցիկ օղակ Միջին-Ասիա-Կովկաս-ԵՄ ուղղության վրա և որոշակիորեն կենտրոնացնել միջինասիականից արևմտյան ուղղությամբ տարանցվող ապրանքները Բաքվի և Ալյաթ նավահանգիստների վրա և ստանալ տնտեսական դիվիդենտներ տարանցման համար:
Արևմուտք-Արևելք տրանսպորտային-էներգետիկ միջանցքի ձևավորումը բխում է նաև Արևմուտքի շահերից, որը ցանկանում է Ռուսաստանի հարավային սահմանների երկայնքով ձևավորել նոր էներգետիկ-տրանսպորտային միջանցք, որով կարտահանվեն կասպյան`ադրբեջանական Շահ-Դենիզ գազային հանքավայրից, ինչպես նաև ղազախական և թուրքմենական գազը և նավթը:
Նոր միջանքի ձևավորման համար արդեն կան նախադրյալներ` ի դեմս գործող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում`հետագայում TANAP գազամուղի, ինչպես նաև կառուցման ավարտական փուլում գտնվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի:
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել էր Բրյուսել և որոշակի համաձայնությունների եկել եվրոհանձնակատարների հետ`Հարավային գազային միջանցքի համար Շահ-Դենիզ գազային հանքավայրի հզորությունները տրամադրելու հետ կապված:
Հարավային գազային միջանցքի կյանքի կոչումից հետո ադրբեջանական, իսկ հետագայում նաև մերձկասպյան այլ գազային ռեսուրսները Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ ուղղությամբ կարտահանվեն Հին աշխարհամաս:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուն Ալիևի հետ հանդիպմանն հայտարարել է, որ Հարավային գազային միջանքը, որը կյանքի կկոչվի մինչև 2019թ.-ը կապահովի ԵՄ-ի գազի պահանջարկի 10%-ը:
Բացի այդ, Ադրբեջանը նաև կառուցում է Բաքու-Բաթումի ավտոճանապարհը, որը լինելու է բետոնապատ և արագընթաց ու կապահովի Կասպից ծովի ապրանքների տեղափոխությունը Սև ծով:
Տարանցիկ միջանցքի կարևոր օղակ դառնալու համար Ադրբեջանը նաև աշխատանքներ է տանելու դեպի Ռուսաստանի և Իրանի պետական սահմաններ ավտոճանապարհների արդիականացման համար, որպեսզի կարողանա Հյուսիս-Հարավ միջանցքում նույնպես զբաղեցնել իր տեղը:
Չպետք է մոռանալ, որ դեռևս օրակարգում է Իրանի և Ադրբեջանի երկաթգծային ցանցը միավորելու և Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկաթգծի ստեղման ծրագրերը:
Ադրբեջան-2020 ռազմավարության մեջ մեկ այլ կարևոր կետ վերաբերվում է Ադրբեջանում ոչ նավթային տնտեսության ստեղծման մտադրություններին:
Ռազմավարության մեջ նշվում է, որ մոտակա տարիների ընթացքում Ադրբեջանը աշխատանքներ է տանելու տնտեսության նավթագազային արտահանման կառուցվածքը դիվերսիֆիկացիայի ենթարկելու, այսինքն, շեշտը դրվելու է ոչ նավթային ոլորտի զարգացման և վերամշակող հզորությունների ստեղծման վրա:
Ադրբեջանը փաստորեն ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը նավթագազային ռեսուրսներից ստացվող եկամուտներից և նվազեցնել միջազգային շուկայում էներգակիրների գների փոփոխման ազդեցությունը երկրի բյուջեի վրա:
Նավթային ասեղի վրա նստած երկրի համար կարճաժամկետ հեռանկարում տնտեսությունը դիվերսիֆիկացնել բավականին բարդ կլինի, քանի որ Ադրբեջանը միանալով տարբեր միջազգային նավթագազային նախագծերին շարունակում է խորացնել իր կախվածությունը այդ էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտներից:
Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևը վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանում մինչև 2020թ.-ը ՀնԱ-ի 80%-ը պետք է ապահովի ոչ նավթային ոլորտը:
Մուսթաֆաևը հայտարարել էր, որ այսօր Ադրբեջանի ՀՆԱ-ի 48%-ը ձևավորում է ոչ նավթային ոլորտը, իսկ 52%-ը`նավթային ոլորտը, իսկ իրենք նպատակ ունեն մինչև 2020թ.-ը այդ հարաբերակցությունը հասցնել 80/20-ի:
Այսպիսով, Ադրբեջանը ցանկանում է փոխել իր տնտեսության կառուցվածքը և դառնալ Հարավային Կովկասում էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կարևորագույն օղակներից մեկը:
Հայաստանը պետք է դրան պատասխանի խորացնելով իր էներգետիկ-տրանսպորտային կապերը`Իրանի և Վրաստանի հետ, արագանցի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարությունը, ռուսական կողմի օգնությամբ բարձրացնի երկաթծի տարանցիկությունը և ֆինանսական միջոցներ հայթայթի Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը կյանքի կոչելու համար`թուրք-ադրբեջանական տանդեմի Հայաստանը և Արցախը մեկուսակցնելու քաղաքականությանը արժանի պատասխան տալու համար: