Հայաստանն աջակցելու է Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին
24/06/2013 20:55

Հայաստանն աջակցելու է Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացումը: Այս մասին հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը Ստրաստբուրգից:

Ինչպես նախատեսված էր օրակարգով, այսօր ԵԽԽՎ նստաշրջանում ելույթով հանդես եկավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ որպես ԵԽ Նախարարների Կոմիտեի նախագահող:

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ ԵԽ Նախարարների Կոմիտեում ՀՀ նախագահության առաջնահերթություններին:
Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշեց այն հիմնական ուղղությունները, որոնք ամենակարևորն են Եվրոպայի խորհրդի համար:

ԵԽ-ում ՀՀ նախագահությունը հնարավորություն է տալիս, որպեսզի ՀՀ-ն իր կարողությունները ներդնի՝ ուժեղացնելու այս կառույցը: Հայաստանը հանդես է գալիս մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդման դիրքերից: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ կարիք կա ավելի ուժեղացնել կառույցը, քանի որ նոր մարտահրավերներ են առաջ գալիս, որոնց պետք է դիմագրավել: Նշվեց, որ ԵԽԽՎ-ն և Եվրոպայի խորհուրդը աջակցում են Հայաստանի նախագահության առաջնահերթություներին:

ՀՀ նախագահությունը մեծ ուշադրություն է դարձնում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ ազգային մակարդակներում տարածմանը, որը Եվրոպայի խորհրդի հիմնաքարն է:

Էդվարդ Նալբանդյանն իր ելույթից հետո պատասխանեց ԵԽԽՎ պատվիրակների հարցերին, որոնց մի մասը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Պատգամավորներից մեկի հարցին, թե ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում ինչո՞ւ չանդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրին, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց.

«Ես իմ ելույթում չանդրադարձա Լեռնային Ղարաբաղի խնդրին, քանի որ Եվրոպայի խորհուրդն այն կառույցը չէ, որտեղ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը: Միևնույն ժամանակ, ԵԽ-ն կարող է մեծ ներդրում ունենալ կողմերի միջև վստահության մեծացման գործում: Մենք ամբողջովին կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների արած համատեղ հայտարարությունները, մեր դիրքորոշումն ամբողջովին համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ: Այնինչ Ադրբեջանը մերժում է Մինսկի խմբի առաջարկությունները»,- ասաց նախարարը:

Պատգամավորներից մեկ ուրիշի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի ստորագրել Կանանց նկատմամբ բռնության Ստամբուլի կոնվենցիան, ԱԳ նախարարը պատասխանեց, որ Ստամբուլի կոնվենցիային մաս կազմելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն ազգային օրենսդրությանը համահունչ լինի. «Անհրաժեշտ է ժամանակ՝ այդ փոփոխությունները կատարելու համար»:

Հարց հնչեց այն մասին, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թ.-ին հայտարարել էր, որ հայերն ու ադրբեջանցիները նույնը չեն և չեն կարող համատեղ գոյատևել: Էդվարդ Նալբանդյանը հարցին հարցով պատասխանեց՝ ասելով. «Եթե հարևան երկրի ղեկավարն ասում է, որ Ադրբեջանի համար առաջին թշնամին Հայաստանն ու հայերեն են, ի՞նչ էիք դուք ակնկալում»:

Հարց հնչեց նաև հայ –թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որի հետ կապված ԱԳ նախարարն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եղել է ՀՀ նախագահի նախաձեռնությունը. «Մենք երկար բանակցեցինք, ստորագրեցինք արձանագրությունները, սակայն Թուրքիան մերժեց վավերացնել այդ արձանագրություններն առանց նախապայմանների: Գնդակը նրանց դաշտում է»:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2013 թ.-ի մայիսի 16-ին ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը՝ 6 ամսով:

Հայաստանն աջակցելու է Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին