Սոչիում ոստիկանները առևանգել են հայերին, խոշտանգել ու բռնաբարել լինգով
24/06/2013 21:32

Սոչիում ոստիկանները առևանգել են հայերին, խոշտանգել ու բռնաբարել լինգով

2014 թվականին Օլիմպիական խաղերը հյուրընկալող Սոչի քաղաքում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Տեղի իրավապահները առևանգել են օլիմպիական կառույցի շինարարության վրա աշխատող հինգ քաղաքացիների, խոշտանգել նրանց, բռնաբարել երկաթե լինգով: Այս մասին հայտնում է newsru.com-ը:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթներ առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն վերջերս:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանների գործողություններից տուժել են Սոչի քաղաքի բնակիչներ Մարտիրոս Դեմիրճյանը և Սերգեյ Կրբաշյանը: Նրանք մարտի 25-ից մինչև մայիսի 16-ը Օլիմպիադա-2014-ի կամավորականների բազմաբնակարանոց շենքում էլեկտրական լարերի մոնտաժման աշխատանքներն են իրականացրել: Դրա դիմաց նրանց խոստացել են վճարել 90 հազար ռուբլի գումար, սակայն աշխատանքների ավարտից հետո նրանց վճարել են միայն 37 հազարական ռուբլի:  Դրանից հետո խաբված բանվորները սկսել են բողոքել:

Բրիգադի ղեկավար Սամվել Փաշյանը բողոքավորներին սպառնացել է, որ եթե նրանք շարունակեն բողոքը, ինքը նրանց դեմ քրեական գործ կկազմակերպի՝ իր ծանոթ ոստիկանների օգնությամբ:

Իրավապահները նախ ահաբեկել են բրիգադի 5 բանվորներին: Դրանից հետո 3 աբղազները հրաժարվել են իրենց պահանջներից և հեռացել, իսկ Դեմիրճյանն ու Կրբաշյանը շարունակել են պնդել, որ իրենց վճարեն խոստացված գումարը:

Դրանից հետո իրավապահները առանց պարզաբանումների հայազգի տղամարդկանց բերման են ենթարկում Ադլերի շրջանի Բլինովո ավանի ոստիկանական բաժանմունք, որտեղ խոշտանգում են և ենթարկում բազմաթիվ ստորացումների: Բանը հասնում է նրան, որ Մարտիրոս Դեմիրճյանին բռնաբարում են երկաթե լինգով, ինչից հետո ստիպում են, որ նա ստորագրի մաքուր թղթի վրա:

Դեպքից հետո քրեական գործ է հարուցվել, սակայն՝ ոչ սադիստ իրավապահների նկատմամբ: Դատարանի որոշմամբ՝ Սերգեյ Կրբաշյանին, ոստիկանության օրինական պահանջներին դիմադրություն ցույց տալու հիմնավորմամբ, ենթարկում են 1000 ռուբլի տուգանքի:

Տուժածների փաստաբանը տեղեկացրել է, որ Դեմերճյանին և Կրբաշյանին խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ հայտարարությունը փոխանցվել է ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի վարչություն: Սակայն գործը բարդացել է նրանով, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդկանց մարմնի վրա հետքեր չեն հայտնաբերվել, բացի Դեմիրճյանի հետանցքի պատռվածքը, որը ֆիքսվել է բժիշկների կողմից:

Սոչիում ոստիկանները առևանգել են հայերին, խոշտանգել ու բռնաբարել լինգով