.jpg)
Զոհված ազատամարտիկի տանը նոր զինվոր է մեծանում. Օգնել է պետք
Զոհված ազատամարտիկ Մուրադ Զաքարյանի` Բուժականցի Մուրադի ընտանիքն այսօր ապրում է չորս հողե պատերի ու կտորով փակված պատուհանների ներսում: Տանը մութ է, բայց ապակի չունեցող պատուհաններն ինչ-որ բանով փակել էր պետք:
Մուրադը 23 տարեկան էր, երբ զոհվեց Ֆիզուլիի ճակատում: Սեփական ընտանիքը երիտասարդն այդպես էլ չհասցրեց կազմել: Փոխարենը Բուժականում թողեց ծնողներին ու եղբորը, ով հետագայում ամուսնացավ ու ունեցավ երեք երեխա:
Ընտանիքի պատերի ներսում երեխաների լաց ու ծիծաղ լսվեց: Ընտանիքը քիչ-քիչ ոտքի էր կանգնում` ոտքի կանգնեցնելով նաև կիսավեր տունը: Բայց մահացավ Մուրադի հայրը, իսկ մեկ ամիս առաջ նաև եղբայրը` երեք անչափահաս երեխաներին թողնելով կնոջ` տիկին Վարդուհու խնամքին:
Այսօր տիկին Վարդուհին ու իր երեք անչափահաս երեխաներն ապրում են ամսեկան 32 հազար դրամով, որը ստանում են «Փարոս» ծրագրով:
«Մեզ հետ է նաև Մուրադի ու ամուսնուս մայրը` 72-ամյա տիկին Մանուշակը: Ինքն էլ իր թոշակն է ստանում ու այդպես ապրում ենք… Դե տունը, ամոթ էլ ա ասեմ, բաղնիք-զուգարան չունենք: Ինչ ունենք, ամեն ինչ էս մի սենյակում ա: Պատուհան չունենք: Դե պատերն էլ հողից են»,- պատմում է տիկին Վարդուհին:
Հերոս հորեղբոր` Մուրադի մասին երեխաներին պատմել են: Նրա կերպարից հատկապես շատ է ոգևորվում 2-րդ դասարանցի Գրիշան.
«Հա, Գրիշիկը Մուրադի մասին շատ ա խոսում: Ամբողջ օրը վազում ա Մուրադի մարտական ընկերենրի մոտ ու իրանց հետ խոսում ա: Մի անգամ Մուրադի հետ կռված տղերքից մեկն եկավ, պատմեց, որ Գրիշան իրանց բոլորին կանգնեցրել ու սկսել է ամոթանք տալ: Ասել ա` մեծ մարդիկ եք, ինչի էիք էդ թուրքի հետ մի հատ պուճուրիկ ավտոմատով կռվում: Հեն ա` մեր գյուղի մե~ծ կոմբայնը տանեիք ու հնձեիք էդ սաղ թուրքերին»,- պատմում է տիկին Վարդուհին:
Մյուս երկու աղջիկները` Անին ու Անահիտը սովորում են 8-րդ ու 6-րդ դասարանում:
«Լավ են սովորում աղջիկները` գովասանագրերով: Մեծս` Անին, որոշել է մայրենիի ուսուցչուհի դառնա, իսկ միջնեկը` Անահիտը, լրագրող»,- ասում է տիկին Վարդուհին ու մի պահ լռելով ավելացնում` տեսնենք, ժամանակ անցնի ոնց կլինի:
Ինչ վերաբերում է Մուրադի 72-ամյա մորը` տիկին Մանուշակին, նա ոչ մեկի հետ գրեթե չի շփվում: Երկու որդիներին ու ամուսնուն կորցրած կինն այսօր իր հարսի ու երեք թոռների հետ ապրում է մի տանը, որի պատերը տան երեք տղամարդիկ այդպես էլ չհասցրին շենացնել…
Տիկին Վարդուհուն հարցնում ենք` ընտանիքը հատկապես ինչի՞ կարիք ունի: Ի պատասխան` լռում է: Հասկանում ենք`պետք է ամեն բան: Մի փոքր խոսելուց հետո միայն տիկին Վարդուհին անկեղծանում է, որ ամենակարևորը հիմա տան վերանորոգումն է, որովհետև այն «փլվում է աչքի առաջ»: Կարիք կա երեխաների հագուստի, գրենական պիտույքների, գումարի: Իսկ ինչն ամենակարևորն է, Բուժականցի Մուրադի 72-ամյա մայրը, երեք երեխաներին միայնակ մեծացնող տիկին Վարդուհին ու զինվոր դառնալ ցանկացող փոքրիկ Գրիշիկն այսօր ունեն հասարակ մարդկային աջակցության ու հույսի կարիք:
«Մեկ-մեկ ջղայնանում եմ, որ տղես էս տարիքից ասում ա զինվոր եմ դառնալու: Ջղայնանում եմ, որովհետև մտածում եմ, որ չի գնահատվել` չի գնահատվելու…Հետո հանդարտվում եմ. տղես հորեղբոր ճամփով ա ուզում գնա»,- պատմում է տիկին Վարդուհին:
Նշենք, որ «Աջակցություն ընտանիքներին» հիմնադրամը կազմակերպել է դրամահավաք Մուրադի ընտանիքին աջակցելու համար:
Ծրագրին որևէ կերպ օգնել ցանկացողները կարող են կապվել հիմնադրամի ծրագրերի բաժնի հետ `010 52 80 72 կամ 077 71 48 88 հեռախոսահամարներով: