.jpg)
Ռուբեն Վարդանյան. Առկա գոյատևման մոդելը թույլ չի տալիս փոխել իրավիճակը
Հայաստանում առկա է աշխատատեղերի անբավարարություն, մեզ համար անչափ դժվար է գտնել մասնագետների, ովքեր պատրաստ են իրենց նվիրել ծրագրերին` չսահմանափակվելով միայն աշխատանքային ժամերով: Մինչդեռ շատերը պատրաստ են մեկնել Մոսկվա կամ այլ վայր և այնտեղ կատարել անհամեմատ պակաս հրապուրիչ աշխատանք: «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում այս մասին ասել է Սբերբանկ-CIB-ի համաղեկավար, «Ամերիաբանկի» խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:
«Հարկ է նշել, որ հայ հասարակության շրջանում այսօր գերիշխում է հաջողության որոշակիորեն աղավաղված ընկալումը. հաջողակ է ոչ թե նա, ով շատ է աշխատում և վաստակում, այլ նա, ով փող ունի` առանց աշխատելու: Կարևոր է ոչ թե գիտելիքի առկայությունը, այլ` դիպլոմի: Սա, իհարկե, ճնշող է: Այստեղ նաև հաճախ չեն տարբերակվում անձնական և մասնագիտական հարաբերությունները: Դա հանգեցնում է նրան, որ այս կամ այն գործնական խնդրի քննարկումը հաճախ վերածվում է «բազարի» կամ միմյանց «ոսկորների լվացման»:
Կա մեկ այլ հարց. երկրի ամենահարուստ մարդիկ խոշորագույն հարկատուները չեն հանդիսանում, իսկ նրանց բիզնեսը հաճախ հիմնված է ոչ թե տաղանդի կամ ինտելեկտի վրա, այլ` իշխանությանը մոտ լինելու: Գոյություն ունեն խաղի տարբեր կանոններ տարբեր խմբերի համար, որոնք կրկին որոշվում են ոչ թե տաղանդով կամ աշխատունակությամբ, այլ` այս կամ այն խմբին պատկանելությամբ: Թեև, իհարկե, կան նաև հաջողության լավ պատմություններ, և շատ հաճելի է, որ հայաստանյան գործարարներից ոմանք մասնակցում են մեր ծրագրերի իրագործմանը»,- ասել է Ռ. Վարդանյանը:
Այդ ամենը, ըստ նրա, բխում է նրանից, որ մարդիկ չեն հավատում ապագային, երազանքներին: «Հայաստանն այսօր ապրում է գոյատևման մոդելի տրամաբանությամբ: Երբ ապրում ես այդ ռեժիմում, չես մտածում երկարաժամկետ հեռանկարների մասին: Ծրագրման «երկար» հորիզոնի բացակայություն է նկատվում նույնիսկ էլիտայի մոտ, այդ պատճառով կարևորագույն որոշումները կայացվում են առանց ապագայի մասին մտածելու` ասես ապրում ենք միայն այստեղ և հիմա: «Կարճ» ապրելակերպը հատկապես նկատելի է քաղաքաշինության ասպարեզում. Հայաստանում այսօր կառուցվում են բազմաթիվ բարձրահարկ շենքեր, ընդ որում` քաղաքի կենտրոնում: Բայց տարածքը մեծ թվով օբյեկտներով արագորեն հագեցնելու դեպքում անխուսափելիորեն տուժում է շինարարության որակը, էլ չեմ խոսում ուղեկցող ենթակառուցվածքի մասին: Իսկ գաղափարական, էսթետիկ, ի վերջո` հարմարավետության և այդպիսի բնակարանները մարդկանց, հատկապես երեխաների կյանքին համապատասխանեցնելու խնդիրները ոչ ոքի չեն հուզում: Անշարժ գույքի նոր օբյեկտները պետք է ոչ միայն ներդաշնակ լինեն քաղաքային միջավայրին, այլև պետք է քաղաքին օգնեն պահպանել իր ամբողջականությունը, ինքնությունը, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ սիրում ես քո քաղաքը, հոգ ես տանում նրա մասին և մտածում ես, թե ինչպիսին է այն լինելու վաղը: Այսօր, ցավոք, չի զգացվում, որ մարդիկ սիրում ու հպարտանում են իրենց քաղաքով ու երկրով»,- ասել է նա:
Իրավիճակը փոխելու համար, Ռ. Վարդանյանի խոսքով, հարկավոր է նախ ընդլայնել «վստահության շառավիղը», հետո` մեծացնել պլանավորման հորիզոնը, սակայն այսօր Հայաստանում առկա գոյատևման մոդելը դա թույլ չի տալիս: «Դա ոչ միայն իշխանության, այլև հասարակության, անհատ մարդկանց խնդիրն է: Նրանք, պատկերավոր ասած, կառուցում են փոքրիկ կրպակ, հետո դրան ավելացնում են ծածկապատշգամբ, հետո` պատշգամբ, ապա դրա տեղում ստեղծվում է արտադրամաս, արդյունքում այդ ամենը վերածվում է կայսրության, որն, այնուամենայնիվ, հյուսված է մնում ահա այդպիսի կարկատաններից:
Վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում հայերն ապրել են օտարների լծի տակ, և, հավանաբար, դա է դարձել պատճառը, որ մենք շատ լավ միջնորդներ ու տեղակալներ ենք, բայց շատ հազվադեպ ենք դառնում խոշոր կորպորացիաների ղեկավարներ: Գոյատևման մոդելը մեզ մոտ առկա է ամեն ինչում, իսկ ահա բարգավաճման մոդել, որը պահանջում է հավակնություններ և ռիսկ, դեռևս գոյություն չունի»,- եզրափակել է խոսքը Ռ. Վարդանյանը: