Փոխվարչապետն առաջարկել է հրապարակել արտոնություններից օգտվողների ցանկը
25/06/2013 20:07

Փոխվարչապետն առաջարկել է հրապարակել արտոնություններից օգտվողների ցանկը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի և ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ քննարկվեցին նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված` մարզերի կրթական հաստատություններում անհրաժեշտ աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խորհրդակցության օրակարգում էին նաև համայնքների ավագանիների կողմից տրամադրվող հողի հարկի և գույքահարկի արտոնությունների չափորոշիչներին վերաբերող հարցերը: Ա. Գևորգյանը մարզպետներին առաջարկել է հասարակության համար հասանելի դարձնել և հրապարակել հողի հարկի, գույքահարկի արտոնություններից օգտվող անձանց ցուցակները`նշելով նրանց սոցիալական կարգավիճակը և բնակության վայրը: Միաժամանակ հանձնարարվել է ստուգել վերջին 2-3 տարիներին արտոնություններ ստացած անձանց ցուցակները և մշտապես ուշադրության կենտրոնում պահել արտոնությունների տրամադրման գործընթացը:

Բարձրացվել է նաև համայնքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի խնդիրը: Զեկուցվել է, որ Սյունիքի մարզում, մասնավորապես` Մեղրի համայնքում, կուտակված աշխատավարձերի ընթացիկ պարտքերն արդեն մարվել են: Ա. Գևորգյանը Գեղարքունիքի և Արմավիրի մարզպետներին առաջարկել է քայլեր ձեռնարկել իրենց մարզերում առկա նմանատիպ խնդիրները սեղմ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ:

Առանձին քննարկվել է նաև մարզերում Վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող ստուգումների հարցը: Փոխվարչապետը հորդորել է ստուգումների արդյունքները ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց հիմնավորված պարզաբանումները:

Ներկայացվել է նաև համայնքապետարանների աշխատակազմերի աշխատակիցների առավելագույն թվաքանակի վերաբերյալ ՏԿՆ մշակած մոդելը:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է` համայնքների ղեկավարներին առաջարկել քննարկել աշխատակազմերի կառուցվածքը նշված մոդելին համապատասխանեցնելու հնարավորությունը: Միաժամանակ ՏԿ նախարարության ներկայացուցիչներին հանձնարարվել է մոդելի կիրառումն ապահովելու համար համապատասխան օրենսդրական նախագիծ մշակել:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի ընթացքի մասին, քննարկվեցին առաջացած խնայողությունների և դրանց վերաբաշխման հետ կապված հարցեր:

Մարզպետները տեղեկություններ են ներկայացրել գյուղմթերքի իրացման իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ որոշ մթերող կազմակերպությունների մոտ վարկային միջոցների ներգրավման առումով խնդիրներ են առաջացել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ մասին կտեղեկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Քննարկվել են նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր:
 

Փոխվարչապետն առաջարկել է հրապարակել արտոնություններից օգտվողների ցանկը