.jpg)
Հայաստանում է գտնվում թուրքական «3H Movement» ՀԿ պատվիրակությունը
Երևանում կանցկացի «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երիտասարդների դիտարկմամբ» խորագրով սեմինար
«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հրավերով Հայաստանում է գտնվում թուրքական «3H Movement» հասարակական կազմակերպության պատվիրակությունը: Այցի շրջանակներում, սույն թվականի հունիսի 26-ին տեղի է ունենալու 2 կազմակերպությունների համատեղ սեմինար-քննարկում` «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները երիտասարդների դիտարկմամբ» թեմայով: «3H Movement» հասարակական կազմակերպությունը Թուրքիայում առաջին երիտասարդ լիբերալների կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թվականին: Կազմակերպությունն ունի ավելի քան 100 անդամներ, որոնք հիմնականում համալսարանավարտ են կամ ուսանողներ:
Ինչպես Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Նարեկ Սամսոնյանը, կազմակերպությունների միջև համագործակցությունը սկսվել են դեռևս 2011 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած «Համաշխարհային Լիբերալ Երիտասարդների» կազմակերպության համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին նաև «Քաղաքացիական Գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամները:
«Թուրքիայում կայացած սեմինարի ընթացքում ստեղծված հարաբերությունները հիմք հանդիսացան երկու կազմակերպությունների հետագա համագործակցության համար: «3H Movement»-ն այն եզակի թուրքական կազմակերպություններից է, որի անդամներն ամեն տարի ապրիլի 24-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հանդես են գալիս Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման պահանջով:
Հրանտ Դինքի սպանության հետ կապված ևս «3H Movement» կազմակերպության անդամները կազմակերպել և կազմակերպում են բազմաթիվ դատապարտող ակցիաներ»,-նշեց Ն. Սամսոնյանը: