Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հուլիսի 1-2-ը կմեկնի Մոսկվա
25/06/2013 21:11

Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հուլիսի 1-2-ը կմեկնի Մոսկվա

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հուլիսի 1-2-ը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Գազային ՕՊԵԿ»-ի նիստին: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյյեդ Աբբաս Արաղչին:

Արաղչին տեղեկացրել է, որ «Գազային ՕՊԵԿ»-ի նիստի շրջանակներում նախատեսված է նաև Պուտին-Ահմադինեժադ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն, երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիային, Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող զարգացումներին, Կովկասին, Կասպից ծովի տարածաշրջանին առնչվող հարցեր:

Հավելենք, որ ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. օգոստոսի 2-ին:
Հունիսի 14-ին Իրանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն՝ նախագահ ընտրվեց բարեփոխական թեկնածու Հասան Ռոուհանին՝ ստանալով 18 միլիոն 613 հազար 329 քվե (50.71%):

Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ նախօրեին ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում նշել էր, որ Ռուսաստանը Իրանի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում:

«Իրանի նոր կառավարությունը՝ որպես իրանական հնագույն քաղաքակրթության և իսլամական հարուստ մշակույթի մի մասնիկ, բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի փոխըմբռնման, վստահության և փոխադարձ հարգանքի միջոցով աշխարհի երկրների հետ զարգացնի և ընդլայնի իր հարաբերությունները»,-նշել էր Իրանի նորընտիր նախագահը: 

Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հուլիսի 1-2-ը կմեկնի Մոսկվա