Նոր մանրամասներ Մարմարաշենում տեղի ունեցած դեպքի առնչությամբ
25/06/2013 20:20

Նոր մանրամասներ Մարմարաշենում տեղի ունեցած դեպքի առնչությամբ

Հունիսի 23-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ 1996 թ. ծնված Իսրայել Հ.-ն և 1993 թ. ծնված Սիմոն Հ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ համանման վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաև նույն գյուղի բնակիչ, 1995 թ. ծնված Պարույր Հ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Իսրայել Հ.-ին, Սիմոն Հ.-ին և 1991 թ. ծնված Տիգրան Հ.-ին հունիսի 23-ին Մարմարաշեն գյուղում դանակով հարվածել և թափանցող մարմնական վնասվածքներ է հասցրել նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հարություն Ս.-ն, իսկ Պարույր Հ.-ի գլխի շրջանում կռփազենքով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Մարմարաշենի բնակիչ, 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն:
Հարություն Ս.-ն ձերբակալված է:

Գևորգ Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Նախաքննությունը շարունակվում է: 

Նախորդող հրապարակում` Մարմարաշենի 3 բնակիչներ կտրած-ծակած թափանցող վերքերով հոսպիտալացվել են

Ոստիկանները թաքցնո՞ւմ են 3 եղբայրներին դանակահարածներին (Տեսանյութ)

Նոր մանրամասներ Մարմարաշենում տեղի ունեցած դեպքի առնչությամբ